«Արարատ» կոմբինատը զգուշացնում է․ վտանգի տակ է ավելի քան 2 հազար խաղողագործի բերքը
Կառավարության շենքի մոտ, որտեղ ընթանում էր իշխանությունների կողմից փակված օբյեկտների աշխատակիցների բողոքի ակցիան, Արմեն Զաքարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մարդիկ հավաքվել են ձեռնարկության բնականոն աշխատանքը վերականգնելու խնդրանք-պահանջով, որպեսզի թույլ տրվի իրենց կատարել աշխատանքային և պայմանագրային պարտավորությունները։
Նա ընդգծել է, որ սեպտեմբերի սկզբին կսկսվի խաղողի մթերումը, և իրենց անհրաժեշտ է նախապատրաստվել այդ գործընթացին։ Զաքարյանը հավելել է, որ խոշորագույն գործընկեր «Սիներգիա» ընկերության հետ առկա է պայմանավորվածություն՝ խաղողի մթերման նպատակով 4–5 միլիոն դոլարի ավանս տրամադրելու վերաբերյալ։
Զաքարյանի գնահատմամբ՝ ձեռնարկության պարապուրդն արդեն իսկ հսկայական ֆինանսական և հեղինակության կորուստներ է պատճառել․ քանդվում են հարաբերություններ, որոնց ստեղծման վրա 25 տարի է ծախսվել, և ձեռք է բերվում անհուսալի գործընկերոջ համբավ։
Նա նաև հայտնել է, որ նախնական պայմանավորվածություն ունեն ավելի քան 2 հազար խաղողագործի հետ․ «Եթե մենք նրանցից խաղողը չմթերենք, իրացման հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանան։ Քննության շրջանակում այն ամենը, ինչ կարող էին անել, արել են՝ խուզարկությունից մինչև տնօրենի կալանավորում, իսկ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մենք տրամադրել ենք։ Անհասկանալի է, թե ինչն է խանգարում աշխատանքի վերսկսմանը»։
Կոմբինատն ունի շուրջ 400 աշխատակից, որոնց անորոշության պատճառով չեն կարողանում հստակ պատասխանել, թե երբ է վերսկսվելու աշխատանքը։ Ձեռնարկությունը փակ է հուլիսի 6-ից։