Հայաստանում գնաճը շարունակում է արագանալ. համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկի խմբի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը հուլիսի 29-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Հայաստանի տնտեսական զարկերակը . ձգտելով աղքատությունը նվազեցնող աճի՝ ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ» վերտառությամբ նոր զեկույցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ նա նշել է, որ 2025 թվականին բյուջեով նախատեսված է եղել շուրջ 5․5 տոկոսի պակասորդ, սակայն տարին ավարտվել է 3․8% պակասորդով։ Դա հիմնականում պայմանավորված է եղել ընթացիկ ծախսերի որոշակի տնտեսումներով, ինչպես նաև կապիտալ ծախսերի որոշ թերակատարմամբ, թեև նախորդ տասնամյակի ՀՆԱ-ի համեմատ 3 տոկոսի համեմատությամբ դրանք հասել են շուրջ 6 տոկոսի։ Սահմանված բարձր նշաձողի պատճառով ծրագիրն ամբողջությամբ չի կատարվել։
Բացի այդ, հարկային մուտքերի բարձր հավաքագրման արդյունքում արձանագրվել է ավելի քիչ պակասորդ։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին նախատեսված 1․7% բյուջեի պակասորդի փոխարեն ցուցանիշը կազմել է 0․2 տոկոս, ինչը պայմանավորված է կապիտալ ծախսերի քիչ կատարմամբ, որոնց աճ է ակնկալվում երկրորդ կիսամյակում։
Տնտեսագետի փոխանցմամբ՝ բյուջեի եկամուտներն աճել են 15 տոկոսով, ինչին նպաստել են ավելացրած արժեքի հարկն ու եկամտային հարկը։ Վարձու աշխատողների թվի և աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ ավելանում են եկամտահարկ վճարողներն ու հավաքագրումները։
Արմինե Մանուկյանը նշել է, որ այս տարվա հինգ ամիսներին պետական պարտքը կազմել է 41․3%՝ լինելով ավելի քիչ, քան 2025 թվականի վերջին։ «Բայց ակնկալում ենք, որ երկրորդ կիսամյակում այն կավելանա՝ կապիտալ ծախսերով ու պակասորդով պայմանավորված և կկազմի մոտ 50%»,- ասել է նա։
Գնաճի վերաբերյալ տնտեսագետն արձանագրել է, որ 2024 թվականին գների բարձրացում չի եղել, սակայն հաջորդ տարվանից սկսված աճն այս տարվանից ավելի մեծ թափ է ստացել։
«Գնաճը հիմնականում առնչվում է սննդամթերքին և ոչ ոգելից խմիչքներին։ Դա, իր հերթին, պայմանավորված է միջազգային շուկայում գների բարձրացմամբ։ Որոշ չափով պայմանավորված է նաև ռուսական ռուբլիի նկատմամբ հայկական դրամի արժեզրկմամբ, քանի որ Հայաստանը հիմնականում Ռուսաստանից է ներմուծում կատարում։ Նաև, որ 2025 թվականից սկսած որոշ չափով ավելացել են առողջապահական ծախսերը։ Տրանսպորտի գինը նույնպես ազդում է գնաճի վրա։ Ակնկալում էինք, որ տրանսպորտի կամ էներգակիրների գների բարձրացումը ավելի մեծ ազդեցություն կունենա Հայաստանում գնաճի վրա, սակայն մյուս երկրների համեմատ այն առայժմ ավելի քիչ է»,- նշել է Արմինե Մանուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը գազային խոշոր կորուստներ է կրել
Իրանի իշխանությունների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պատճառով սրված իրավիճակի ընթացքում երկրում բնական գազի...
Սևանից բաց թողնված ջրի ծավալը ռեկորդային ցածր է 1961 թվականից ի վեր
‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է, որ 2026 թվականի...
ՌԴ-ի արգելքը վտանգում է հայկական կաթնամթերքի միլիոնավոր դոլարների արտահանումը. FIP
Ռուսաստանի Դաշնությունը հուլիսի 27-ից արգելք է սահմանել Հայաստանից կաթնամթերքի ներկրման վրա։ «Ռոսսելխոզնադզորի» տվյալներ...