Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության՝ Սև ծով տարածվելուն. Հաքան Ֆիդան
Թուրքիան չի ցանկանում, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը տարածվի Սևծովյան տարածաշրջան։ Այս մասին Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Անկարան դեմ է Սև ծովում նավահանգիստների, տանկերների և ձկնորսական նավերի վրա հարձակումներին, ինչպես նաև ցանկացած գործողության, որը վտանգում է խաղաղ բնակչության կյանքը։
«Նավահանգիստների, տանկերների և ձկնորսական նավերի վրա հարձակումները, ինչպես նաև խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող գործողությունները չեն կարող արդարացվել որևէ պարագայում»,- ասել է Ֆիդանը՝ կոչ անելով բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և պատասխանատվություն։
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտության սկզբից ի վեր մշտապես առկա է դրա ընդլայնման լուրջ վտանգը, իսկ Սև ծովի անվտանգությանը վերաբերող վերջին զարգացումները միայն խորացրել են այդ մտահոգությունները։ Նրա խոսքով՝ Սև ծովում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է։
Ֆիդանը նաև հայտնել է, որ Անկարան շարունակում է նոր ռազմավարական մոտեցումներ որոնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ Նա նշել է, որ քննարկվում են նոր գաղափարներ՝ ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ միջնորդների հետ։
Նա կարևորել է նաև Թուրքիայի միջնորդությամբ իրականացվող Ստամբուլի բանակցային ձևաչափի շարունակությունը՝ ընդգծելով, որ այդ գործընթացը հնարավորություն է տվել կողմերին տարբեր մակարդակներում ավելի թափանցիկ հաղորդակցվել և պահպանել ուղիղ երկխոսությունը։
«Պատերազմի շարունակվելը չի նշանակում, որ նման ձևաչափով բանակցությունները չեն կարող շարունակվել»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆիդանը հիշեցրել է, որ Ստամբուլի բանակցությունների մեկնարկից հետո խաղաղ կարգավորման գործընթացին միացել են նաև ԱՄՆ ներկայացուցիչները, սակայն մարտական գործողությունները շարունակվում են, իսկ հետագա էսկալացիայի վտանգը շարունակում է բարձր մնալ։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի առանցքային տարրերից մեկը լինելու են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները՝ ցամաքային, ծովային և օդային բաղադրիչներով։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան համաձայնել է գլխավորել Սև ծովում անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչը, և այդ հարցում արդեն ձեռք է բերվել փոխըմբռնում դաշնակիցների հետ։
«Թուրքիան համաձայնել է գլխավորել ծովային բաղադրիչը։ Այս հարցում մենք փոխըմբռնում ունենք մեր դաշնակիցների հետ, իսկ համապատասխան միջոցառումների պլանավորումն արդեն իրականացվում է դաշնակից երկրների ռազմածովային ուժերի կողմից»,- հայտարարել է նա։