Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր»-ը կձևավորի նոր կառավարություն և կշարունակի բարեփոխումների օրակարգը:
Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները ցույց են տվել, որ քաղաքացիները աջակցում են խաղաղության օրակարգին, ինչպես նաև բարձր են գնահատել կրթական, սոցիալական և ենթակառուցվածքային ծրագրերը։ Միաժամանակ նա ընդունել է, որ արդարադատության ոլորտում առկա խնդիրները շարունակում են քաղաքացիների հիմնական դժգոհություններից մեկը մնալ։
«Իհարկե, ընտրությունների արդյունքում մենք առերեսվել ենք նաև մի շարք խնդիրների, որոնց վերաբերյալ քաղաքացիների շրջանում նյարդ և քննադատություն կա Կառավարության հասցեին, պետության հասցեին, անձամբ իմ հասցեին: Իհարկե, այդ պրոբլեմները, առաջին հերթին, վերաբերում են արդարության և արդարադատության ոլորտին: Ինչքան էլ մի քիչ անհարմար է ինձ համար դա ասել, որովհետև հասկանում եմ, որ հաջորդիվ ձևակերպվում է հետևյալ հարցը, թե ութ տարվա մեջ ինչո՞ւ այդ խնդիրները լուծված չեն։ Այստեղ ես, իհարկե, ունեմ նաև բացատրություններ և պարզաբանել եմ, այդ թվում՝ այն սահմանադրական անձեռնմխելիությունների պատճառով, որ դատական որոշ հատվածներում մենք ունենք:»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրակաշառքի դեպքերը բացահայտել են պետության խոցելիությունները, ինչի պատճառով անհրաժեշտ է ակտիվացնել հակակոռուպցիոն, ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումները, ինչպես նաև կատարելագործել ընտրական համակարգն ու ապահովել կուսակցությունների և լրատվամիջոցների ֆինանսավորման ավելի մեծ թափանցիկություն։
Նա նաև ընդգծել է, որ կառավարության հիմնական նպատակը տարեկան միջինում 6 տոկոս տնտեսական աճ ապահովելն է՝ հավելելով, որ ընտրություններից հետո արդեն նկատվում է տնտեսական ակտիվացում։
Իր հերթին նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ընտրությունների անցկացումն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ի հաղթանակը՝ նշելով, որ Հայաստանը հերթական համապետական ընտրություններով մտել է քաղաքական զարգացման նոր փուլ։ Նրա խոսքով՝ երկրում հաստատված խաղաղությունն ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունը հնարավորություն են ստեղծել հարևանների հետ զարգացնելու բարիդրացիական հարաբերությունները։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությա...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...