IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վերակառուցում։ Որոշվել է ներդնել բջջային հեռախոսների IMEI (International Mobile Equipment Identity) համարների միասնական գրանցման համակարգ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հեռախոսի 15-նիշանոց ունիկալ կոդը պետք է հաշվառվի պետական բազայում, հակառակ դեպքում՝ սարքը պարզապես կբլոկավորվի և չի կարողանա աշխատել հայկական բջջային օպերատորների (Team, Viva, Ucom) ցանցերում։
Այս նախագիծը հանրության շրջանում առաջացրել է երկակի արձագանք։ Մի կողմից սա ներկայացվում է որպես ստվերային տնտեսության դեմ պայքարի հզոր գործիք, մյուս կողմից՝ հարցեր է առաջացնում քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության և պետական չափազանցված վերահսկողության տեսանկյունից։
Պայքար «սև շուկայի» դեմ
Նախագծի հիմնական և առանցքային նպատակը սև շուկայի կրճատումն է: Տարիներ շարունակ հեռախոսների զգալի մասը Հայաստան է ներկրվել շրջանցելով մաքսային ձևակերպումները կամ թերհայտարարագրմամբ (ուղևորների ձեռքի բեռով, անհատական ծանրոցներով և այլն)։ Սա ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ այն խոշոր խանութների համար, որոնք վճարում են բոլոր հարկերն ու ԱԱՀ-ն։
IMEI համակարգի ներդրմամբ մաքսանենգությունը կորցնում է իր տնտեսական իմաստը. եթե ներմուծված հեռախոսը հնարավոր չլինի միացնել տեղական ցանցին, այն կվերածվի անպետք առարկայի։ Բացի այդ, համակարգը կտրուկ կնվազեցնի հեռախոսների գողության դեպքերը, քանի որ գողացված սարքը բլոկավորելուց հետո այն այլևս հնարավոր չի լինի օգտագործել կամ վաճառել երկրի ներսում։
Վերահսկողության աշխարհագրությունը և ռիսկերը
Թեև տնտեսական արդյունքը խոստումնալից է, մեխանիզմն ունի լուրջ քննադատական կողմեր, որոնք հաճախ շրջանցվում են պաշտոնական հայտարարություններում
Տոտալ տեսանելիություն
IMEI կոդը թույլ է տալիս ոչ միայն նույնականացնել հեռախոսը, այլև այն կապել կոնկրետ հեռախոսահամարի (SIM քարտի) և, հետևաբար, կոնկրետ քաղաքացու անձնագրային տվյալների հետ։ Սա պետությանը տալիս է աննախադեպ լծակ՝ հետևելու, թե ով, երբ և ինչ սարքով է մուտք գործում ցանց։
Աշխարհագրական կոնտեքստի մտահոգությունը
Նման համակարգեր արդեն գործում են, Թուրքիաում, Ադրբեջանում, Իրանում, Լիբանանում, Եգիպտոսում, Ուզբեկստանում, Ղազախստանում և Պակիստանում։ Ռուսաստանը նույնպես գնում է այս ճանապարհով։ Այս երկրները տարբերվում են հիմնականում կոշտ կենտրոնացված կառավարմամբ կամ ավտորիտար հակումներով,որտեղ թվային վերահսկողությունը քաղաքական օրակարգի մաս է։ Ժողովրդավարական և ազատական տնտեսությամբ առաջնորդվող շատ երկրներ խուսափում են նման տոտալ բազաների ստեղծումից՝ մարդու իրավունքների և տվյալների անվտանցության պատճառով։
Միջազգային այլընտրանքներ. Ինչպե՞ս պայքարել «սև շուկայի» դեմ, առանց IMEI-ի
Միջազգային առաջադեմ պրակտիկան ցույց է տալիս, որ սև շուկայի դեմ կարելի է պայքարել ոչ թե վերջնական սպառողին սահմանափակելու և նրա հեռախոսը բլոկավորելու վախով, այլ բիզնեսի ու մաքսային սահմանի մակարդակում վերահսկողությունն ուժեղացնելով։
Հայաստանում դեռևս ներդրված չեն հետևյալ արդյունավետ մեխանիզմները, որոնք կարող էին լինել IMEI համակարգի լավագույն այլընտրանքը կամ լրացումը.
· Խստացված մաքսային վերահսկողություն (Risk-Based Customs)
Փոխանակ բոլոր քաղաքացիների սարքերը ստուգելու, մաքսային մարմինները կիրառում են ռիսկերի վերլուծության համակարգեր։ Ստուգվում են խոշոր ներմուծողները, կասկածելի խմբաքանակները և ուղեկցող փաստաթղթերը։ Սա թույլ է տալիս կանխել մաքսանենգությունը հենց սահմանին՝ առանց շարքային քաղաքացու կյանքը բարդացնելու։
· Track & Trace (Հետագծելիության թվային համակարգ)
Սա ժամանակակից տեխնոլոգիական լուծում է, որը թույլ է տալիս թվային (օրինակ՝ QR կոդերի կամ հատուկ դրոշմանիշերի) եղանակով հետևել յուրաքանչյուր հեռախոսի ամբողջ ճանապարհին՝ արտադրող գործարանից, մաքսատնով մինչև խանութի ցուցափեղկ և վերջնական գնորդ։ Պետությունը տեսնում է ապրանքաշրջանառությունը, բայց չի միջամտում հեռախոսի հետագա շահագործմանը։
· Պաշտոնական ներմուծողների միասնական ռեեստր
Մի շարք երկրներում ստեղծվում են հանրային բաց շտեմարաններ։ Ցանկացած քաղաքացի հեռախոս գնելիս կարող է բազայում ստուգել՝ արդյոք տվյալ խանութը կամ սարքը ներմուծվել է օրինական ճանապարհով։ Սա բարձրացնում է սպառողների գիտակցությունը, և շուկան ինքնամաքրվում է, քանի որ մարդիկ խուսափում են կասկածելի վայրերից գնումներ անելուց։
· Լիցենզավորման հատուկ ռեժիմ
Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սինգապուրը, Հնդկաստանը և Աֆղանստանը, էլեկտրոնիկայի և հեռախոսների ներմուծմամբ չի կարող զբաղվել ով պատահի։ Գործում է հատուկ լիցենզավորում։ Լիցենզավորված ընկերությունները խիստ հսկվում են, իսկ օրենքը խախտելու դեպքում զրկվում են բիզնեսի իրավունքից, ինչը ստիպում է նրանց աշխատել բացառապես օրինական դաշտում։
Հայաստանում IMEI համակարգի ներդրումը կոշտ, վարչարարական քայլ է։ Տնտեսական տեսանկյունից այն անշուշտ կբերի ստվերի կրճատման և բյուջետային մուտքերի ավելացման։ Սակայն, ընտրված մեթոդը՝ հեռախոսների հնարավոր բլոկավորմամբ, հանրության կողմից ընկալվում է որպես սպառողի իրավունքների սահմանափակում և թվային վերահսկողության ուժեղացում։
Որպեսզի բարեփոխումը չունենա հակառակ էֆեկտը, կառավարությունը պետք է ոչ միայն ներդնի արգելքներ, այլև զուգահեռաբար զարգացնի մաքսային վերահսկողության և հետագծելիության այնպիսի նուրբ գործիքներ, որոնք թիրախավորում են հենց անօրինական բիզնեսը, այլ ոչ թե վերջնական սպառողին։