NASA-ի տնօրեն Ջարեդ Այզեքմանը ժամանել է Բայկոնուր՝ «Սոյուզ ՄՍ-29»-ի մեկնարկին մասնակցելու համար
NASA-ի տնօրեն Ջարեդ Այզեքմանը ժամանել է Բայկոնուրի տիեզերակայան, որտեղ կմասնակցի «Սոյուզ ՄՍ-29» տիեզերանավի միջազգային անձնակազմի ճանապարհման արարողությանը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արհեստական բանականության և թվային զարգացման նախարարությունը, ինչպես նաև հաստատել է «Ռոսկոսմոս»-ը։
«Սոյուզ-2.1ա» հրթիռը՝ «Սոյուզ ՄՍ-29» տիեզերանավով, նախատեսվում է արձակել հուլիսի 14-ին։ Տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնեն «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Պյոտր Դուբրովը և Աննա Կիկինան, ինչպես նաև NASA-ի տիեզերագնաց Անիլ Մենոնը։ Նրանց առաքելությունը կշարունակվի ավելի քան 260 օր։ Պահեստային անձնակազմում ընդգրկված են ռուս տիեզերագնացներ Կոնստանտին Բորիսովն ու Դմիտրի Պետելինը, ինչպես նաև ամերիկացի Դենիզ Բերնհեմը։
Այցի շրջանակում Այզեքմանը նաև հանդիպելու է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Բականովին՝ քննարկելու ռուս-ամերիկյան համագործակցության ընթացիկ և ապագա հարցերը։ Լրագրողների փոխանցմամբ՝ NASA-ի տնօրենը մինչ աշխատանքային հանդիպումները նույնիսկ առավոտյան վազք է կատարել Բայկոնուրում։
Դեռ փետրվարին Այզեքմանը հայտարարել էր, որ մտադիր է ներկա գտնվել ռուսական «Սոյուզ»-ի մեկնարկին՝ ընդգծելով, որ Միջազգային տիեզերակայանը դեռ երկար տարիներ կմնա երկու երկրների համագործակցության կարևոր հարթակ։
«Տիեզերական կայանը դեռ երկար ժամանակ կշարունակի գործել։ Առաջիկա տարիներին միասին շատ անելիքներ ունենք, և դա լավ հնարավորություն կլինի արդյունավետ քննարկումների համար», — նշել էր նա՝ հաստատելով նաև «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի հետ բանակցելու պատրաստակամությունը։