ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան նոր սահմանափակումներ են կիրառել Ռուսաստանի դեմ
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան նոր սահմանափակումներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության մի շարք ենթադրյալ աշխատակիցների, ինչպես նաև «Ռիբար» ռազմավերլուծական կենտրոնի ներկայացուցիչների նկատմամբ՝ նրանց վերագրելով կիբերօպերացիաների մասնակցություն։
Ընդհանուր առմամբ, Լոնդոնն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը 10 նոր դիրքով և կիբերանվտանգության հետ կապված ցուցակում ներառել ևս 14 անձի։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև Lumma Stealer վնասաբեր ծրագրի օպերատորները և «Իմպուլս» ընկերությունը։ Պատժամիջոցները ներառում են Միացյալ Թագավորություն մուտքի արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն երկրի տարածքում։
Եվրամիությունը, իր հերթին, պատժամիջոցներ է սահմանել ևս 9 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց նկատմամբ՝ նրանց վերագրելով ԵՄ երկրների դեմ իրականացված կիբերհարձակումներին մասնակցություն։ Սահմանափակումները նախատեսում են ԵՄ մուտքի արգելք և եվրոպական տարածքում առկա ակտիվների սառեցում։
Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում է ներառել ռուսական VK ընկերությունը և MAX մեսենջերի իրավաբանական անձը՝ «Մաքս» ՍՊԸ-ն (նախկին անվանումը՝ «Կոմունիկացիոն հարթակ» ՍՊԸ)։ Բրյուսելը նշել է, որ VK-ն հանդիսանում է MAX-ի մշակող ընկերության մայր կազմակերպությունը։ VK-ում հայտարարել են, որ սահմանափակումները չեն ազդում ընկերության կամ MAX մեսենջերի աշխատանքի վրա, և ծառայությունները շարունակում են գործել սովորական ռեժիմով։
Միաժամանակ ԵՄ անդամ երկրների դեսպանները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ նախատեսվող 21-րդ պատժամիջոցների փաթեթը։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի խոսքով՝ աշխատանքը շարունակվում է։
Նրա խոսքով՝ նոր փաթեթի փոխարեն ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն շուրջ 250 անձանց ընդգրկումը «սև ցուցակում», ինչը, Կալասի գնահատմամբ, կդառնա միջանկյալ անձնական սահմանափակումների ամենախոշոր փաթեթը։