Քաղաքականություն

Ալիևի աղմկահարույց հայտարարությունը՝ ԽՍՀՄ-ի վերաբերյալ․ Ադրբեջանը գաղութ էր մինչև անկախությունը

Ալիևի աղմկահարույց հայտարարությունը՝ ԽՍՀՄ-ի վերաբերյալ․ Ադրբեջանը գաղութ էր մինչև անկախությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ կազմում հանրապետության գտնվելը դիտարկում է որպես գաղութատիրական շրջան: 


«Մենք գաղութացվել ենք XIX դարում։ Այնուհետև եղել ենք Խորհրդային Միության կազմում, որտեղ անկախություն չունեինք։ Մենք ԽՍՀՄ մասն էինք, հանրապետություն, այո՛, բայց իրավազուրկ։ Մեր պատմական հիշողության մեջ պահպանվել է այն ընկալումը, թե ինչ է նշանակում լինել գաղութ, իսկ հետո դառնալ ազատ պետություն»,- ասել է Ալիևը:


Ըստ նրա՝ խորհրդային տարիներին Ադրբեջանից «արտահանվել են միլիարդավոր տոննաներով նավթ», սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո երկիրը բախվել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտի և մինչ օրս ստիպված է վերացնել ինտենսիվ նավթարդյունահանման պատճառած էկոլոգիական վնասը։


Ալիևը նշել է նաև, որ 1991 թվականից հետո Ռուսաստանում շատերը կանխատեսում էին նախկին միութենական հանրապետությունների շուտափույթ կործանումը՝ հղում անելով սեփական ուժերով իրենց ապահովելու նրանց անկարողությանը, սակայն այդ կանխատեսումները չիրականացան։ 


«Նրանք բոլորն ապրում են նորմալ կյանքով»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը՝ Ադրբեջանը, անկախության 30 տարիների ընթացքում վերածվել է «միջին տերության»։


Պատասխանելով Ուկրաինայի մասին հարցին՝ Ալիևը կրկին հայտարարել է, որ այն չպետք է համաձայնի օկուպացիայի հետ, և ընդգծել է, որ Ադրբեջանն անփոփոխ կերպով աջակցում է նրա տարածքային ամբողջականությանը։


Խորհրդային շրջանի վերաբերյալ նմանատիպ գնահատականներ Ալիևն առաջին անգամ չէ, որ հնչեցնում է։ Ավելի վաղ նա Ադրբեջանի մուտքը ԽՍՀՄ կազմ անվանել էր օկուպացիայի հետևանք և պնդել, որ դա խանգարել է հանրապետությանը դառնալ լիարժեք ժողովրդավարական պետություն։


Ընդ որում, խորհրդային տարիներին Ադրբեջանական ԽՍՀ-ն երկար ժամանակ գլխավորել է ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը. 1969-1982 թվականներին նա եղել է հանրապետության Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը, իսկ հետո՝ մինչև 1987 թվականը, զբաղեցրել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250