Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման տարբեր դրսևորումներին։
«Դիմումատուն օրինակ պնդում է, որ պետության չեզոքության սկզբունքի խախտման և այսպես կոչված՝ սոցիալական կաշառքի առկայություն է եղել, հղում կատարելով առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրմանը, կենսաթոշակների և նպաստների բարձրացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման վերաբերյալ կառավարության որոշումները։
Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին քաղաքականությունը, այդ թվում՝ սոցիալական քաղաքականությունը։ Ավելին, Սահմանադրության 86-րդ հոդվածով սոցիալական պաշտպանությունը սահմանված է որպես պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։ Ընտրությունների անցկացումը չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանադրական պարտականությունների կատարումը դադարեցնելու կամ հետաձգելու համար։
Կառավարության ծրագրով նախատեսված էր թոշակների պարբերական բարձրացում, շեշտում եմ, պարբերական բարձրացում մինչև 2026 թվականը և փաստացի այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվել է 2019 թվականից։ 2019 թվականից ի վեր թոշակները բարձրացվել են վեց անգամ, չհաշված հետվճարի վերաբերյալ իրավական կարգավորումների նախատեսումը, որի արդյունքում մենք ռեալ ունեցել ենք կենսաթոշակի բարձրացում։
Ես կարծում եմ ժամանակը թույլ չի տա, որ խոսեմ առողջապահության ապահովագրման մասին, դա ևս կառավարության ծրագրի մի մաս է եղել, գյուղատնտեսական գործունեության սուբսիդավորումը ևս, և եթե այս ամենը համարենք որպես սոցիալական կաշառք, կարող ենք ասել, որ կառավարությունը ընդհանրապես գործ չպետք է աներ և ուղղակի պետք էր գնալ տուն, կամ մնալ որպես կառավարություն և գործ չաներ։
Այս փաստերը, իմ կողմից ներկայացված, վկայում են, որ խոսքը ոչ թե ընտրությունների նախաշեմին ընդունված մեկ անգամյա որոշման մասին է, այլ տարիներ շարունակ իրականացվող պետական, սոցիալական, քաղաքականության մասին է»,- ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։