Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զինծառայող Ալեքսանդր Լունինը, ով մեքենայով մեկնել էր Մոսկվա՝ Կրեմլի ղեկավարին անձամբ հանդիպելու փորձ կատարելու համար, վարչական պատասխանատվության է ենթարկվել և կալանավորվել 11 օրով:
Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ նախկին զինվորականի հետ կապն ամբողջությամբ կորել էր Մոսկվա մուտք գործելիս, իսկ նույն գիշերը ռուսական իրավապահ մարմինները՝ առանց դատարանի համապատասխան օրդեր ցույց տալու, ներխուժել և խուզարկություն են իրականացրել Վորոնեժի մարզի Լիզինովկա գյուղում գտնվող նրա տանը՝ բռնագրավելով ընտանիքին պատկանող բոլոր համակարգչային սարքավորումներն ու կրիչները։
Թեև պաշտոնական մարմինները ձերբակալության իրավական հստակ հիմքերը դեռևս չեն հրապարակել, Լունինի կինը սոցիալական ցանցերում (ներառյալ՝ TikTok-ում, որտեղից տեսանյութը հետագայում օպերատիվորեն ջնջվել է) հաստատել է, որ ամուսինը ողջ է և գտնվում է մոսկովյան մեկուսարաններից մեկում։
Հիշեցնենք՝ այս արտակարգ իրադարձության պատճառ էր դարձել Լունինի կողմից հրապարակված տեսաուղերձը, որտեղ նա Պուտինից խիստ պահանջել էր հանդիպում և հեռուստատեսությամբ ուղիղ եթեր տրամադրել, հակառակ դեպքում սպառնալով, որ ռուսական բանակի ստորաբաժանումներն իրենց զենքն ուղղելու են ընդդեմ Կրեմլի՝ հիմնավորելով, որ ռազմաճակատի առաջնագծից ստանում է հազարավոր զինվորների վկայություններ հրամանատարության կողմից անմարդկային վերաբերմունքի և ծանր պայմանների մասին:
«Նա տեսաուղերձ է տարածել, որում բարձրաձայնում է Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական ստորաբաժանումներում տիրող ենթադրյալ կամայականությունների և օրինախախտումների մասին: Զինվորական հանդերձանքով և պարգևներով տեսախցիկի առջև հանդես եկող տղամարդու հայտարարությամբ՝ ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ըստ Լունինի՝ հունիսի 24-ին Վորոնեժի մարզում իր հետ անսպասելի հանդիպում են ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության և ուժային այլ կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Սպան պնդում է, որ հենց այդ պաշտոնյաների խնդրանքով է ձայնագրել տեսանյութը, որպեսզի երկրի ղեկավարությանը հասցվի առաջնագծում տիրող իրական պատկերը։
Իր ուղերձում սպան հայտարարում է, որ հարյուրավոր ու հազարավոր ռուս զինվորականներ ներկայումս պահվում են ինքնաշեն ստորգետնյա բանտերում և ենթարկվում խոշտանգումների սեփական հրամանատարների կողմից։ Ըստ նրա պնդումների՝ նման պատժամիջոցներ են կիրառվում այն զինծառայողների նկատմամբ, որոնք հրաժարվում են կատարել վտանգավոր հրամանները կամ հրաժարվում են գումար տալ վերադասներին: Լունինը նաև հավելել է, որ այդ զինվորներից շատերը հետագայում սպանվում են կամ ձևակերպվում որպես անհայտ կորած»,- ասվում է հոդվածում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տեսանյութն ընդամենը 24 ժամվա ընթացքում համացանցում հավաքել էր ռեկորդային՝ ավելի քան 12 միլիոն դիտում, ինչն առաջացրել էր իշխանությունների անհանգստությունը, թեև Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փորձելով նվազեցնել միջադեպի կարևորությունը, հայտարարել էր, որ Կրեմլը տեղյակ է նախկին զինծառայողի ուղերձից, սակայն աշխատանքային գրաֆիկի պատճառով ժամանակ չի ունեցել մանրամասն ծանոթանալ դրան։