Քաղաքականություն

ՌԴ-ում՝ ԱԹՍ-ների գրոհից հետո, նավթավերամշակման գործարանը կրկին բռնկվել է

ՌԴ-ում՝ ԱԹՍ-ների գրոհից հետո, նավթավերամշակման գործարանը կրկին բռնկվել է

Մոսկվայի Կապոտնյա շրջանի նավթավերամշակման գործարանը, որը հունիսին երկու անգամ ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակումների, այսօր կրկին բռնկվել է։



Տարեկան 14 միլիոն տոննա հզորությամբ գործարանից, որն ապահովում էր մայրաքաղաքում վառելիքի սպառման մոտ մեկ երրորդը, բարձրանում է խիտ սև ծուխ։ Գիշերը մայրաքաղաքը ենթարկվել է առնվազն 14 անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրա խոսքով՝ դրանք բոլորը խոցվել են։



Ընդհանուր առմամբ, պաշտպանության նախարարության տվյալներով, ռուսական ՀՕՊ-ը «ոչնչացրել» է 376 անօդաչու։ Հարվածների տակ են հայտնվել նաև Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանը, Տագանրոգի «Կուրգաննեֆտեպրոդուկտ» ՍՊԸ նավահանգստային տերմինալը, Ազովի նավթաբազան և «Ազովի օպտիկամեխանիկական գործարանը» (ԱՕՄԳ), որն արտադրում է նշանոցներ և ջերմատեսիլներ հրթիռների, ինքնաթիռների և զրահատեխնիկայի համար։


«Գազպրոմ նեֆտի» Մոսկվայի նավթավերամշակման գործարանը, որը տարեկան արտադրում է 3 մլն տոննա բենզին և նույնքան դիզելային վառելիք, հարձակումների էր ենթարկվել հունիսի 16-ին և 18-ին, որից հետո դադարեցրել էր նավթամթերքների արտադրությունը։ Գործարանում, Reuters-ի աղբյուրների խոսքով, վնասվել էին նավթի առաջնային վերամշակման երկու կայանքները։ Դրանց նորոգումը կարող է ձգձգվել մինչև 2027 թվականը, ասել էին գործակալության զրուցակիցները։



Հոռետեսական սցենարի դեպքում Մոսկվայի նավթավերամշակման գործարանում վերականգնողական նորոգման արժեքը կարող է կազմել 1 միլիարդ դոլար, գնահատել են «Սինարա» ներդրումային բանկի վերլուծաբանները։ Նրանց հաշվարկներով՝ գործարանի աշխատանքի վերականգնումը կարող է տևել մինչև մեկ տարի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250