Հասարակություն

ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն

ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) տեղեկացրել է, որ հունիսի 11-ին սկսված ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում մարզադաշտերի և երկրպագուների գոտիների մոտ առգրավվել է ավելի քան 600 անօդաչու սարք, որոնք խախտել են օդային տարածքի օգտագործման սահմանափակումները, փոխանցում է NBC News-ը։


Ընդ որում, երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում ամբողջ երկրի տարածքում առգրավված սարքերի ընդհանուր քանակը գրեթե կրկնապատկվել է։


ՀԴԲ-ն դաշնային, նահանգային և տեղական իրավապահ մարմինների աշխատակիցների հետ մեկտեղ իրականացնում է մրցաշարի արենաների ու զանգվածային միջոցառումների անցկացման հարակից գոտիների օդային տարածքի շուրջօրյա հսկողություն։


Գերատեսչությունից հիշեցնում են, որ թռիչքների սահմանափակումները սահմանվում են ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) կողմից, իսկ անօդաչու սարքերի սեփականատերերը պարտավոր են նախապես ճշտել՝ արդյոք տվյալ տարածքում թռիչքները թույլատրված են։ Շատ դեպքերում օրինախախտները տուգանվում են, իսկ անօդաչու սարքերը՝ առգրավվում։


Այսպես, Կանզաս Սիթիում աշխարհի առաջնության օբյեկտների մոտ արդեն իսկ առգրավվել է 32 անօդաչու սարք։


Հունիսի կեսերին դաշնային իշխանությունները մեղադրանք են առաջադրել նաև Հոնդուրասի 33-ամյա քաղաքացի Լուիս Մաուրիսիո Ֆլորես Օրդոնյեսին, որը կասկածվում է Դալլասում AT&T Stadium մարզադաշտի մոտ հանդիպման ժամանակ չգրանցված DJI Mini 3 Pro անօդաչու սարք գործարկելու մեջ։ Ըստ քննության տվյալների՝ սարքը գտնվել է թռիչքների ժամանակավոր արգելքի գոտում։


Ինչպես նշում են ՀԴԲ-ում, անօդաչու սարքը հայտնաբերվել է վերահսկման հատուկ միջոցներով, որից հետո արդեն մի քանի վայրկյան անց օպերատիվ խմբի աշխատակիցները պարզել են օպերատորի գտնվելու վայրը և ձերբակալել նրան։ Ներկայումս Ֆլորես Օրդոնյեսը մնում է կալանքի տակ՝ սպասելով դատավարությանը։


Իշխանությունները հիշեցնում են, որ աշխարհի առաջնության հանդիպումներ ընդունող մարզադաշտերի շուրջ անօդաչու սարքերի համար սահմանվում է ժամանակավոր ոչ թռիչքային գոտի․ այն սկսում է գործել խաղի մեկնարկից երեք ժամ առաջ և պահպանվում է դրա ավարտից հետո ևս երեք ժամ։ Այս սահմանափակումների խախտումը կարող է առաջացնել ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250