Հասարակություն Կարևոր

Նշանադրությունը Նյու Յորքում երկնաքերի գագաթին ավարտվել է ձերբակալությամբ

Նշանադրությունը Նյու Յորքում երկնաքերի գագաթին ավարտվել է ձերբակալությամբ

Ռուս հայտնի ռուֆերներ Անժելա Նիկոլաուն և Իվան Բիրկուսը բարձրացել են Նյու Յորքի խորհրդանիշներից մեկի՝ Էմփայր Սթեյթ Բիլդինգի գագաթը, որտեղ նշանվել են։


Զույգը շենքի գագաթին բացել է մեծ պաստառ՝ «Երբ սիրո ուժը հաղթում է իշխանության հանդեպ սիրուն, աշխարհում խաղաղություն է տիրում» գրությամբ։ Դրանից հետո Իվան Բիրկուսը ծնկի է իջել և ամուսնության առաջարկություն արել Անժելա Նիկոլաուին՝ նրան մատանի նվիրելով։ Նախքան ցած իջնելը նրանք համբուրվել են և շուրջ տասը րոպե մնացել 443 մետր բարձրության վրա։


Անժելա Նիկոլաուն և Իվան Բիրկուսը նախկինում ևս իրականացրել են նման վտանգավոր բարձրացումներ աշխարհի տարբեր երկրներում և դարձել են 2024 թվականին թողարկված Netflix-ի «Skywalkers: A Love Story» վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսները։


Միջադեպից հետո Նյու Յորքի ոստիկանությունը բերման է ենթարկել զույգին։ CBS-ի տեղեկություններով՝ նրանց մեղադրանքներ են առաջադրվել ապօրինի ներխուժման, մարդկանց կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ ստեղծելու, գույքին վնաս պատճառելու, օտար տարածք ապօրինի մուտք գործելու և հասարակական կարգը խախտելու հոդվածներով։


Էմփայր Սթեյթ Բիլդինգի տնօրինությունից հայտարարել են, որ չարտոնված այս միջադեպը վտանգ չի ներկայացրել ոչ այցելուների, ոչ էլ շենքում գտնվող մյուս անձանց համար։ Միաժամանակ ընդգծել են, որ շենքի պաշտոնական դիտահարթակն ինքնին լավագույն վայրերից մեկն է հիշարժան ամուսնության առաջարկություն անելու համար։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250