Հասարակություն

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատիժները խստացվում են. Օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ-ում

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատիժները խստացվում են. Օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ-ում

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է ներառվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն արդեն ստացել է խորհրդարանական պատասխանատու հանձնաժողովի դրական եզրակացությունը։


Օրենսդրական այս նոր նախաձեռնությունը մշակվել է՝ արձագանքելու ոլորտի փորձագետների և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների բարձրաձայնած մտահոգություններին։ Նպատակն է հստակեցնել մարդասիրական սկզբունքների ամրագրումը, սահմանել հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ և ապահովել օրենքի գործնական կիրառելիությունը։



Նոր նախագծով զգալի տեղ է հատկացվում հանրային իրազեկմանն ու կրթությանը։ Առաջարկվում է Կառավարության իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի հաստատման լիազորությունը, իսկ պետական կառավարման մարմինների վրա դնել դրանց մշակումն ու իրականացումը։ Տնային և թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված դասընթացներ կներառվեն նաև պետական կրթական ծրագրերում (դպրոցներում), ինչպես նաև կզարգացվեն ոլորտի մասնագետների կարողությունները։


Բացի այդ, նախագծով պաշտոնապես սահմանվում է թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման միջազգայնորեն ընդունված «Բռնում-Ստերջացում-Պատվաստում-Վերադարձ նույն տարածք» (ԲՍՊՎ) մեթոդը։ Միևնույն ժամանակ, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից նախկինում կիրառվող՝ կենդանի պահելու թույլտվության բարդ ընթացակարգը առաջարկվում է փոխարինել կենդանիների պարտադիր հաշվառման ավելի պարզ ու արդյունավետ մեխանիզմով։



Օրենսդրական փոփոխությունները լայն հնարավորություններ են ընձեռում մասնագիտացված հասարակական կազմակերպություններին։ Նրանց համար օրենսդրորեն կամրագրվի բոլոր տեսակի կացարաններում հասարակական մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու իրավունք՝ անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից։ Իսկ հենց կացարանների համար կսահմանվի պարտադիր հրապարակային հաշվետվությունների ներկայացման պահանջ։
Որոշակի մեղմացում է նախատեսվում առաջին օգնության մասով. թույլատրելի կհամարվի ոչ մասնագետների կողմից իրականացվող առաջին բուժօգնությունը և անասնաբույժի կողմից նշանակված ամբուլատոր բուժումը ոչ հանրային վայրերում։


Ի՞նչ է արգելվում և ինչպիսի՞ պատժամիջոցներ են սահմանվում


Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է վերանայել և խստացնել կիրառվող տուգանքների սահմանաչափերը։ Որպես դաժան վերաբերմունքի առանձին տեսակներ կսահմանվեն և կպատժվեն հետևյալ արարքները.


 Կենդանուն կանխամտածված կամ անփույթ կերպով քաղցի մատնելը և հյուծելը,


 Առանց «Անասնաբուժության մասին» օրենքով սահմանված հիմքերի կամ առանց պատշաճ անզգայացման (կամ ոչ համապատասխան չափաբաժնով) կենդանու քնեցումը,


 Գլխաքանակի կարգավորման կամ վերարտադրության սահմանափակման նպատակով քնեցում կամ սպանդ իրականացնելը,


 Ոչ համապատասխան չափաբաժնով ցավազրկմամբ վիրաբուժական միջամտությունների իրականացումը,


 Տանջանք պատճառող հարմարանքների (էլեկտրական կամ սուր ելուստներով վզակապեր) կիրառումը,


 Կենդանիների օգտագործումը զվարճանքի նպատակով այնպիսի ձևերով, որոնք առաջացնում են սթրես կամ բնական վարքի խաթարում,


 Թափառող կենդանիների ԲՍՊՎ գործընթացում պատասխանատու վերաբերմունքի պահանջները խախտելը։


Առանձին կարգավորումներ են սահմանվում նաև պոտենցիալ վտանգավոր շների տերերի համար։ Պատասխանատվություն կառաջացնի նման շների զբոսանքը հանրային վայրերում առանց դնչկալի և առնվազն մեկ մետր կարճեցված կապի կազմակերպելը։ Բացի այդ, տերերը պարտավոր կլինեն բացառել վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, խաղահրապարակներում, կրթական, առողջապահական, սոցիալական խնամքի հաստատությունների տարածքներում և հասարակական տրանսպորտում։



Օրենսդրական այս բարեփոխումների համատեքստում Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը ոչ միայն վարչական իրավախախտում է, այլև ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածով նախատեսված քրեորեն պատժելի արարք։



Քաղաքապետարանից ընդգծում են, որ օրենքով արգելվում է կիրառել կենդանիների առողջությանը կամ բարեկեցությանը վնասող ցանկացած մեթոդ, ինչպես նաև նրանց ներգրավել այնպիսի ցուցադրությունների, սպորտային կամ ժամանցային միջոցառումների, որոնց ընթացքում կենդանիները կարող են ենթարկվել տանջանքների, վնասվածքների կամ հայտնվել կյանքի համար վտանգավոր իրավիճակում։


Նշվում է նաև, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները հանրային տարածքներում իրականացնում են մշտական վերահսկողություն՝ կենդանիների մասնակցությամբ ապօրինի ցուցադրությունները կանխելու, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ցանկացած դրսևորում բացառելու նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250