Քաղաքականություն

Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը եռակողմ շրջանակային համաձայնագիր են ստորագրել

Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը եռակողմ շրջանակային համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-Իրան լարվածության համատեքստում Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը Վաշինգտոնում ստորագրել են եռակողմ շրջանակային համաձայնագիր, որը նպատակաուղղված է հրեական պետության և Իրանի կողմից աջակցություն ստացող «Հըզբոլլահ» շարժման միջև մարտական գործողությունների դադարեցմանը։


Կնքված փաստաթղթի համաձայն՝ իսրայելական ստորաբաժանումները կշարունակեն իրենց տեղակայումը Լիբանանի հարավային մասում գտնվող «անվտանգության գոտում» այնքան ժամանակ, մինչև տեղի կունենա «Հըզբոլլահի» զինաթափումը։


Լիբանանի զինված ուժերին է վերապահված ամբողջ երկրի տարածքում վերահսկողության վերականգնումը և բոլոր ոչ պետական զինված միավորումների զինաթափումը, ինչն իրականացվելու է աստիճանական տարբերակով։ Լիբանանյան բանակի կողմից նախապես որոշված փորձնական գոտիներում լիարժեք հսկողություն սահմանելուց հետո միայն իսրայելական ուժերը փուլ առ փուլ դուրս կգան այդ վայրերից։

«Իսրայելի կառավարությունը շեշտում է, որ Լիբանանում իր ռազմական գործողությունները բացառապես ոչ պետական զինված խմբավորումների, մասնավորապես՝ «Հըզբոլլահի» հարձակումների, սպառնալիքի և թշնամական մտադրությունների հետևանք են։ Իսրայելի կառավարությունն ընդգծում է, որ այս սպառնալիքի վերացումը՝ ամբողջ Լիբանանում նման խմբավորումների զինաթափման և լուծարման, ինչպես նաև երկու երկրների միջև համաձայնեցման ենթակա լրացուցիչ անվտանգության կարգավորումների միջոցով, կվերացնի Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողությունների կամ Լիբանանում ներկայության ցանկացած ապագա անհրաժեշտություն։ Վերոնշյալի համաձայն՝ Իսրայելի կառավարությունը հայտարարում է, որ Լիբանանում տարածքային հավակնություններ չունի»,- նշել են կողմերը։


Կողմերը միաժամանակ հայտարարել են միմյանց միջև առկա հակամարտությանը վերջ դնելու, երկու պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը երաշխավորելու, ինչպես նաև բարիդրացիական ու խաղաղ հարաբերություններ ձևավորելու ձգտման մասին։


Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը տվյալներ էր հրապարակել, ըստ որոնց մարտի 2-ից մեկնարկած իսրայելական հարձակումների հետևանքով երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 4230-ի։


Միացյալ Նահանգների և Իրանի միջև կնքված հուշագրի առաջին կետով նախատեսված էր բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների անհապաղ ու մշտական դադարեցում, սակայն Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև բախումները շարունակվում էին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250