Տնտեսություն

Սոթքի և Դրմբոնի հանքերը Ադրբեջանի վերահսկողության ներքո․ Փաստ

Սոթքի և Դրմբոնի հանքերը Ադրբեջանի վերահսկողության ներքո․ Փաստ

«Փաստ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է հայաստանյան բնապահպանական շրջանակների կողմից ցուցաբերվող լռությանն ու երկակի ստանդարտներին՝ կապված Ադրբեջանի կողմից Սոթքի և Դրմբոնի հանքավայրերի ակտիվ շահագործման հետ: Հոդվածագիր Արսեն Սահակյանը նշում է, որ հիմա, երբ այդ նույն հանքերը՝ Սոթքը թե Դրմբոնը, շահագործում է Ադրբեջանը, դրանք հանկարծ դադարել են վտանգ ներկայացնելուց, թե՞ էկոհամակարգը մեկն ու նույնը չէ: 


Ինչո՞ւ հայաստանյան բնապահպանական շրջանակներից ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն կամ նույն ինտենսիվությամբ ու ջանասիրությամբ պայքար չի լսվում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ակտիվ շահագործման դեմ, այն դեպքում, երբ նախկինում կատաղի պատերազմ էր մղվում, երբ այդ ամենն արվում էր Հայաստանի պետության կողմից: Չէ՞ որ սահմանագծի այդ հատվածներում և Արցախի տարածքներում Ադրբեջանի կողմից հանքերի անխնա արդյունահանումն ու լեռների պայթեցումը կատարվում են նույն էկոլոգիական միջավայրում և կարող են բնապահպանական լրջագույն վնասներ հասցնել Սևանա լճին ու տարածաշրջանի ջրային ավազանին: 


Սևանն այսօր ունի իրական պաշտպանության կարիք, քանի որ իրականացվող հանքային աշխատանքներն անմիջական աղտոտման սպառնալիք են ստեղծում լճի էկոհամակարգի համար, սակայն հայ ակտիվիստները բացարձակ լռություն են պահպանում: Հայ բնապահպանները կարծես հետաքրքրված չեն տարածաշրջանային բնապահպանական իրական խնդիրներով. ի՞նչ տարբերություն, թե ով է շահագործում հանքը, եթե էկոհամակարգը նույնն է. ինչո՞ւ է պայքարն այդքան արդյունավետ ու կատաղի միայն սեփական պետության և սեփական տնտեսության դեմ:



Այս ամենից հստակ ու տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ստացվում այնպես, որ հայաստանյան բնապահպան ակտիվիստները ոգևորվում, ակտիվանում և միջազգային հարթակներում նույնական հռետորաբանությամբ են հանդես գալիս միայն այն դեպքերում, երբ իրենց քայլերը վնասում են Հայաստանի տնտեսական ու պետական շահերին: Ինչո՞ւ են նրանց բողոքի ալիքներն ու դժգոհությունները կրկնում ադրբեջանական մամուլի և տեղի ակտիվիստների հակահայկական թեզերը, երբ սեփական երկրի կողքին կանգնելու և Սևանը սպառնացող վտանգից պաշտպանելու իրական անհրաժեշտություն կա։

 Բնապահպանական խնդիրները պետք է լինեն մշտական ուշադրության ներքո, սակայն լուծումներ փնտրելու և պետությանը օգնելու, այլ ոչ թե սեփական տնտեսական պոտենցիալը ոչնչացնելու ու թշնամու օրակարգին սպասարկելու միջոցով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250