ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվան կրկին ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման
Ռուսաստանի մայրաքաղաքը վերջին հինգ օրվա ընթացքում երրորդ անգամ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, որի ժամանակ խոցվել է 80 դրոն։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հաղորդագրությունների համաձայն՝ հունիսի 22-ին, ժամը 3:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում քաղաքին մոտենալիս ոչնչացվել է 80 անօդաչու սարք։ Քաղաքապետը տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ տվյալներ չի հայտնել՝ փոխանցելով միայն, որ արտակարգ ծառայությունների մասնագետները գործում են բեկորների ընկնելու վայրերում։ Ռոսավիացիայի փոխանցմամբ՝ Շերեմետևո օդանավակայանում սահմանափակվել են թռիչքները, իսկ Վնուկովոն և Դոմոդեդովոն չվերթերն իրականացնում են համաձայնեցմամբ։ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտնել է մի շարք չվերթերի չեղարկման և չվացուցակի փոփոխությունների մասին։
Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիտորինգային ալիքների կողմից հրապարակվել են Մոսկվայի մարզի տարբեր քաղաքներով թռչող դրոնների տեսանյութեր։ Ականատեսների վկայությամբ՝ ՀՕՊ շարժական համալիր է տեղակայվել «Սադովոդ» շուկայի մոտ գտնվող կամրջի վրա, որի մեկ հնգերորդ մասը հրդեհվել էր հունիսի 18-ի հարձակման ժամանակ։ Առևտրի հարթակն այս պահին չի գործում և փակ կմնա առնվազն մինչև չորեքշաբթի։ Նախորդ զանգվածային հարձակումը Մոսկվայի վրա ուկրաինացի զինվորականները գործել էին հունիսի 19-ին, երբ Սոբյանինը հայտնել էր 76 դրոնի խոցման և ավերածությունների ու տուժածների բացակայության մասին։ Իսկ հունիսի 18-ին՝ հինգշաբթի օրը, գրանցվել էր պատերազմի սկզբից ի վեր ռեկորդային հարձակում ՌԴ մայրաքաղաքի վրա, որի ընթացքում խոցվել էր 194 անօդաչու թռչող սարք։
Այդ ժամանակ հիմնական հարվածը հասցվել էր Կապոտնյայում գտնվող Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, որտեղ ուժգին հրդեհ էր բռնկվել։ Կոտելնիկիում վնասներ էին կրել «Բելայա դաչա» առևտրի կենտրոնն ու 25-հարկանի բնակելի շենքը։ Մայրաքաղաքի վրա սև ծխի սյուներ էին բարձրացել, իսկ Մերձմոսկվայում տեղացել էր «նավթային անձրև». Ժելեզնոդորոժնիի և Լյուբերցիի բնակիչները դժգոհում էին պատուհանագոգերի ու մեքենաների վրայի յուղոտ հետքերից և այրվածքի հոտից։ Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել էր 527 չվերթ։
Նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հաղորդմամբ՝ Մերձմոսկվայում վիրավորվել էր 17 մարդ, իսկ Ռամենսկոյեում հարձակման հետևանքով բռնկված հրդեհից զոհվել էր 8-ամյա աղջիկ։ Մոսկվայի և մարզի բնակիչները զանգվածային դժգոհություն էին հայտնել իշխանությունների կողմից ծանուցումների բացակայության պատճառով. օդային տագնապի ազդանշանները չէին գործարկվել, իսկ ապաստարանների վերաբերյալ տեղեկատվություն նրանց չէր տրամադրվել։