Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա գործողությունները հետևանքներ կունենան, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։ Մեդվեդևը հայտնել է, որ Փաշինյանը Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում չի գնահատել Մոսկվայի կողմից եղբայրական օգնության և աջակցության բազմաթիվ օրինակները և ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու կուրսը։
«Նրա պետությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ամենախոշոր շահառուներից մեկն է։ Այսօր նա մեր հարաբերությունները դրել է ուղղակի սպառնալիքի տակ։ Ըստ էության, խզել է կապերը ՀԱՊԿ-ի հետ, թեև հենց ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանը միշտ պատրաստ է պաշտպանել Հայաստանը նրա կողմից ճանաչված սահմաններում։ Հրաժարվել է մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովներին, Երևանում հավաքում է Ռուսաստանի նենգ թշնամիներին», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
«Դա նրա և իր մարդկանց համար առանց հետևանքների չի մնա՝ ներառյալ, իհարկե, համագործակցության տնտեսական պարամետրերը», - ընդգծել է նա։
Մեդվեդևը նաև հավելել է` Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման համար Երևանում անհրաժեշտ է կոնստրուկտիվ տրամադրված ղեկավարություն, ուղու ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է:
Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու կուրս, որից կտուժեն ողջ հայ ժողովուրդը և երկրի տնտեսությունը։
«Մենք պատրաստ ենք այսուհետ ևս զարգացնել արդյունավետ, փոխշահավետ համագործակցություն և իրավահավասար փոխգործակցություն Հայաստանի ու նրա ժողովրդի հետ։ Բայց դրա համար մեր դաշնակիցը պետք է ունենա կոնստրուկտիվ տրամադրված ղեկավարություն, որը ցանկանում է ընկերություն անել Ռուսաստանի հետ», - նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
«Ուղու ընտրությունը մնում է Հայաստանի ժողովրդին», - հավելել է նա։