Տնտեսություն

Հիփոթեքի նոր մեխանիզմ Հայաստանում. մանրամասներ

Davit Jalalyan
Հիփոթեքի նոր մեխանիզմ Հայաստանում. մանրամասներ

Մայիսի 18-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը հայտարարել է Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ Հայաստանում «հակադարձ հիփոթեքի» ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին։


Կոմիտեի նախագահի տեղակալի պարզաբանմամբ՝ ներդրվող մեխանիզմը վերաբերում է տարեց անձանց պատկանող բնակարանների դրամայնացմանը։ Սեփականության իրավունքով բնակարան ունեցող թոշակառուն կարող է գույքը գրավադրել բանկում՝ միևնույն ժամանակ մնալով տան սեփականատերը և պահպանելով այնտեղ ապրելու իրավունքը։ Դրա դիմաց ֆինանսական կառույցը նրան մինչև կյանքի վերջը կվճարի ամսական գումար, ինչից հետո հիփոթեքը կհամարվի ավարտված, և վարկային կազմակերպությունը կվերցնի բնակարանը։ Գործընթացի համար թոշակառուն պետք է հրավիրի անկախ գնահատողի՝ անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով, որից հետո պետությունը պարտավորվում է ստուգել գնահատման հավաստիությունը, և միայն դրանից հետո հիփոթեքի առարկան կառաջարկվի բանկին որպես գրավ։ Սա տարեցին հնարավորություն կտա չվաճառել սեփականությունը, սոցիալական խնդիրների պատճառով այլ վայր չտեղափոխվել, շարունակել բնակվել իր տանը և ստանալ ցմահ վարձ։


«Հակադարձ հիփոթեքի» ինստիտուտին զուգահեռ նախատեսվում է ձևավորել նաև «ամուսնու բացառիկ իրավունքի» ինստիտուտը։ Նշվում է, որ կենսաթոշակային տարիքի հասած և անշարժ գույք ունեցող քաղաքացիների մեծ մասը շարունակում է ապրել սահմանափակ եկամուտներով՝ կոմունալ ծառայությունների, բնակության և առօրյա կյանքի աճող ծախսերի պայմաններում։


Օրենսդրական փաթեթով նախատեսվում է 63 տարեկան և բարձր տարիքի կենսաթոշակառուներին իրավունք տալ օրենքով սահմանված պայմաններով բանակցել առևտրային բանկերի հետ՝ «հակադարձ հիպոթեքի» ծրագրին մասնակցելու շուրջ։ Տարեցները կկարողանան գրավադրել իրենց բնակարանը և ստանալ պարբերական վճարումներ՝ առանց մինչև կյանքի վերջ վարկը մարելու անհրաժեշտության, միաժամանակ պահպանելով սեփականության իրավունքը։ Բանկը սեփականատիրոջը կվճարի կանոնավոր եկամուտ, իսկ նրա մահից հետո բնակարանը կանցնի բանկին։ Այսպիսով, կենսաթոշակառուն հնարավորություն կունենա մաս-մաս ստանալ իր տան արժեքը՝ շարունակելով բնակվել այնտեղ։ Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կպահպանվի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում։


Սակայն նշենք, որ նոր ինստիտուտի կիրառմամբ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ թոշակառուների ժառանգների համար։ Բնակարանի վաճառքի դեպքում բանկը պարտավորվում է նրանց վճարել մնացած գումարը, սակայն միայն բոլոր ծախսերը մարելուց հետո։


Մեկ այլ նորամուծություն վերաբերում է ամուսնու՝ գույքին տիրապետելու իրավունքին։ Այն նախատեսում է, որ ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված գույքը ամուսիններից մեկի մահվան դեպքում ինքնաբերաբար կձևակերպվի որպես մյուսի սեփականություն։ Ընդ որում, կվերանա մնացած ժառանգների հետ գույքի բաժանման անհրաժեշտությունը։ Ժառանգները ժառանգության իրավունք կստանան միայն երկրորդ ծնողի մահից հետո։


Որոշ քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250