Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ կաշառքի, փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ կաշառքի, փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և առանձնապես…

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու 4 դրվագով։ Նույն վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարարի, նախկին վարչապետի և Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ։


Ըստ Դատախազության՝ վարույթով պարզվել է, որ 1998-2008 թվականներին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը մի շարք անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական լիազորություններն օգտագործել է պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքն իրեն և փոխկապակցված անձանց ու ընկերություններին շահեկան պայմաններով փոխանցելու համար։ Խոսքը, մասնավորապես, շուկայականից էականորեն ցածր գներով և առանց հրապարակային սակարկությունների գույքերի օտարման մասին է։


Քրեական վարույթում հիշատակվում են Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող տարածքները, Կասկադի ձախակողմյան հատվածում գտնվող հողամասերը։ Դատախազության տվյալներով՝ գործարքների արդյունքում Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 7,94 հա հողատարածքի նկատմամբ 27 մլն դրամի դիմաց սեփականության իրավունք ստացած «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2004 թվականին նվիրատվությամբ փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։


Վարույթում առանձին դրվագ է վերաբերում Պարոնյան 8 հասցեի անշարժ գույքին։ Ըստ Դատախազության՝ հետագայում այդ հասցեում կառուցված 10-հարկանի շենքի՝ 331,8 մլն դրամ շուկայական արժեք ունեցող մի շարք տարածքներ և երկու ավտոկայանատեղի Սեդրակ Քոչարյանի անունով ձևակերպվել են 99,365 մլն դրամով՝ շուկայական արժեքից շուրջ 232,4 մլն դրամ պակաս գնով։


Գործի մյուս դրվագները վերաբերում են «Կապուտակ Սևան» առողջարանային համալիրին և «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» գույքին։ Վերջինի դեպքում, ըստ վարույթի նյութերի, 192,45 մլն դրամ կադաստրային արժեքով գույքն ուղղակի վաճառքով օտարվել է 12,267 մլն դրամով Քոչարյանի որդու հետ փոխկապակցված ընկերությանը։


Դատախազությունը Քոչարյանին վերագրում է նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագներ։ Մեկ դրվագը կապված է Վազգեն Սարգսյան 20 հասցեում գտնվող նախկին «Սպայի տան» և Նալբանդյան 16 հասցեի գույքերի հետ։ Ըստ մեղադրանքի՝ «Պիացցա Գրանդե» ընկերությունը 2011-2017 թվականներին Քոչարյանին փաստացի փոխանցել է 56 անշարժ գույք՝ ընդհանուր ավելի քան 2,63 մլրդ դրամ արժեքով։


Մյուս դրվագը վերաբերում է «Տոյոտա Երևան» ընկերությանը։ Ըստ Դատախազության՝ ընկերության գործունեության համար պետական հողամասերը շահավետ պայմաններով ձեռք բերելու դիմաց Սեդրակ Քոչարյանի անունով, որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք, գրանցվել է ընկերության 30 տոկոս բաժնեմասը։ Վարույթի նյութերում նշվում են նաև պետական հողատարածքների՝ շուկայական արժեքից զգալիորեն ցածր գներով օտարման գործարքներ։


Հիշեցնենք, որ հանցագործության համար մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250