Քոչարյանը խոսել է մարտի 1-ի դեպքերից
Մարտի 1-ը տարիների ընթացքում միֆականացվել է։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Այս մասին Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«2008 թվականը իմ նախագահության վերջին տարին էր։ Այո՛, դա ցույց էր։ Պատճառն այն էր, որ ընտրություններում պարտված կողմը, որը հավաքել էր 21 տոկոս, հայտարարում էր, թե ինքն է հաղթել։ Ամեն ինչ սկսվեց հենց դրանից, և դա ամբողջովին այլ պատմություն է։
Իմ պաշտոնավարման ընթացքում դա բախման միակ դեպքն էր։ Ես նախագահ էի, որի ժամկետն ավարտվում էր, և մեկ ամիս անց պետք է հեռանայի պաշտոնից։ Եվ ես երբեք չեմ պահպանել որևէ պաշտոն իշխանությունից հեռանալուց հետո։ Ահա իրական պատմությունը։
Այսօր, հետադարձ հայացքով, կարծում եմ, որ եթե մարտի 1-ը հաջողվեր նույն ուժերի միջոցով, մենք կկորցնեինք Ղարաբաղը։ Նույն մարդիկ, նույն նպատակը։ Նիկոլ Փաշինյանը այդ գործընթացի հիմնական դերակատարներից էր։ Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ չի մասնակցել բախումներին։ Նա տեսել է, թե ինչ է կատարվում, բայց այդ գիշեր այնտեղ չի գնացել։
Մարտի 1-ը տարիների ընթացքում միֆականացվել է։ Միֆականացվել է ամբողջ գործընթացը։ Արդեն այն ժամանակ, երբ ես այլևս պաշտոն չէի զբաղեցնում, քարոզչական մեթոդներով փորձ արվեց այդ իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կապել ինձ հետ»,–ասել է նա։
Հարցին՝ ի՞նչն է իրեն ստիպում մտածել, որ հայերի մեծամասնությունը կքվեարկի իր օգտին, Քոչարյանը նշեց. «Որովհետև այն, ինչին հասել են սրանք (ներկայիս իշխանությունները), իմ կարծիքով, աղետ է»։