Նաիր Թիկնիզյանը՝ եվրոպական ակումբի ուշադրության կենտրոնում

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ Ինչպես փոխանցում է TransferFeed-ը՝ գերմանական ակումբը պաշտոնական առաջարկ կներկայացնի «Ցրվենա Զվեզդային»։


«Այնտրախտի» սկաուտները ներկա են գտնվել Եվրոպա լիգայի շրջանակում «Մալմյոյի» դեմ կայացած հանդիպմանը և դրական տպավորություն են ստացել 26-ամյա ֆուտբոլիստի արագությունից, տեխնիկայից և խաղային որակներից։ Գերմանական ակումբի ներկայացուցիչները Թիկնիզյանի խաղին հետևել են նաև «Ռայկո Միտիչ» մարզադաշտում՝ իսպանական «Սելտայի» դեմ կայացած մրցավեճի ընթացքում։


Չնայած «Սելտայի» դեմ խաղում հայ պաշտպանի ելույթը գնահատվել է  նրա սովորական ստանդարտներին չհամապատասխանող, այդ հանգամանքը չի փոխել «Այնտրախտի» դիրքորոշումը։ 


Սերբական ակումբը պատրաստ չէ վաճառել Թիկնիզյանին 4,5 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց։ Միաժամանակ, «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը դեմ է ֆուտբոլիստի հեռանալուն մրցաշրջանի ընթացքում և ցանկանում է նրան պահել թիմում մինչև առաջնության ավարտը։


Նշենք, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդային» միացել է 2025 թվականի հուլիսին, իսկ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը ներքին առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Քաղաքականություն