Զգալի առաջընթաց է գրանցվել. Լեյենը՝ Զելենսկու և Թրամփի հեռախոսազրույցի մասին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բարձր է գնահատել Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հետ իր հեռախոսազրույցը՝ նշելով, որ դրա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել։
Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում, ըստ European Pravda-ի։ Ֆոն դեր Լեյենը նշել է, որ արդյունավետ մեկժամյա զրույց է ունեցել Թրամփի, Զելենսկու և մի շարք այլ եվրոպացի առաջնորդների հետ։
«Զգալի առաջընթաց է գրանցվել, որի համար մենք շատ գոհ ենք։ Եվրոպան պատրաստ է շարունակել համագործակցել Ուկրաինայի և մեր ամերիկացի գործընկերների հետ՝ այս առաջընթացը ամրապնդելու համար», - ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով՝ այս ջանքերում ամենակարևորը առաջին օրվանից հուսալի անվտանգության երաշխիքներ ստանալն է։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հունվարի սկզբին Փարիզում կկայանա «վճռական» երկրների հանդիպում, որտեղ նրանք նախատեսում են վերջնականապես որոշել յուրաքանչյուր երկրի կոնկրետ ներդրումը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համակարգում։
Զելենսկին և Թրամփը, ըստ տեղեկությունների, հանդիպել են Ֆլորիդայում՝ խաղաղության բանակցությունների համար, և Թրամփը անմիջապես զգուշացրել է, որ զրույցից հետո կզանգահարի Պուտինին։





























