Քաղաքացիները կշարունակեն «կարմիր գծերի» համար վճարել 160 հազար դրամ
Քաղաքացիները կշարունակեն «կարմիր գծերի» համար վճարել 160 հազար դրամ, թեպետ դատարանն ավագանու այդ որոշումը ոչ իրավաչափ էր ճանաչել։ Բանն այն է, որ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց, նույնքան ժամանակ էլ քաղաքապետարանն ունի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին գրում է ABC Media-ն։
«ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/0796/05/25 վարչական գործով 2025 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումն ուժի մեջ մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, և այդ նույն ժամանակահատվածում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ տեղեկացնում ենք, որ Երևանի ավագանին բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը»,- ABC Media-ի հարցմանն ի պատասխան փոխանցել են Երևանի քաղաքապետարանից։
«Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին դատարանը կրկին ոչ իրավաչափ էր ճանաչել Երևանի ավագանու որոշումը, ըստ որի՝ «կարմիր գծերի» արժեքը թանկացել է։ Երկրորդ տարին է, ինչ ավագանու ընդդիմադիր անդամները դատական հայց են ներկայացնում քաղաքապետարանի դեմ և շահում են հայցը, սակայն որոշումն ուժի մեջ չի մտնում․ քաղաքացիները շարունակում են վճարել նախկին 12 հազար դրամի փոխարեն 160 հազար դրամ»,- գրում է լրատվականը։





























