Արտառոց դեպք․ 4 անչափահաս մուտք են գործել մանկապարտեզ՝ վնասել գույքն ու խաղալիքները, իրեր գողացել

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ 4 անչափահաս մուտք են գործել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, վնասել գույքն ու խաղալիքները, վերցրել մի քանի խաղալիք, օծանելիք ու հեռացել։  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Auroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ Ներքին գործերի նախարարության հետ՝ տվյալ դեպքի հետ կապված, մանրամասներ ճշտելու համար․


«Դեկտեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արտաշատի բնակիչ մի քանի անչափահաս մուտք են գործել Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ և վնասել մանկապարտեզի գույքը։


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 12-ի սահմաններում չորս անչափահաս Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի պատուհանը հրել բացելու միջոցով մուտք են գործել ներս, որտեղ նրանցից մեկը կոտրել է մանկապարտեզի գույքը, վնասել խաղալիքները, հետո վերցել են մի քանի խաղալիք, օծանելիք ու հեռացել։ Անչափահասները ծնողների հետ հրավիրվել են ՀՈԳՎ Արտաշատի բաժին որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել են կատարվածը։


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- հայտնում են  ՆԳՆ նախարարությունից։


Auroranews.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ Քննչական կոմիտեի հետ, որտեղից մեզ հայտնեցին․


«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողությունը՝տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով):


Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին գերատեսչությունից։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Քաղաքականություն