18 տոկոսով աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշները․ ՆԳ նախարար

Քրեական ոստիկանության գործունեությունը նեղ մասնագիտացում ունեցող ուղղությունների տեսանկյունից ունի աշխատանքի դրական ազդակներ և հատկապես հանցավորության դեմ պայքարում կարևորագույն օղակ հանդիսացող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում արձանագրել է էական նվաճում։


«Հարցնում է քաղաքացին» հաղորդման շրջանակում այդ մասին հայտնել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։


«18 տոկոսով աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշները։ Ոչ թե թմրամիջոցներն են շարունակում ահագնացող տեմպեր ունենալ ՀՀ-ում, այլ լատենտային համարվող այս հանցագործության բնույթը նկատի ունենալով՝ արդեն կարողանում ենք օպերատիվ ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտել այդպիսի դեպքերը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելի կիլոգրամ թմրամիջոց է առգրավվել և դուրս բերվել շրջանառությունից»,- ասել է ՆԳ նախարարը։


Սարգսյանի դիտարկմամբ՝ քրեական ոստիկանության աշխատանքի տեսանկյունից ՆԳՆ-ն իր աշխատանքները կենտրոնացրել է թմրանյութերի ներմուծման և արտադրման շղթան կոտրելու տրամաբանության վրա։ Այսինքն գերատեսչությունը կենտրոնանում է մեծ խմբաքանակները չեզոքացնելու վրա, որպեսզի հետագայում շատ ավելի ջանք և ռեսուրս չվատնի փոքր խմբաքանակների հայտնաբերման ուղղությամբ։


«Այդ տրամաբանությամբ՝ իրավապահ համակարգի համատեղ ջանքերի շնորհիվ կարողացել ենք 416 կգ թմրամիջոց դուրս բերել ընդհանուր շրջանառությունից։ Մեր նպատակն է նաև ապօրինի հանքարդյունաբերության և այլ բնույթի ձեռնարկատիրության դրսևորումների բացահայտումը։ Պետությանը պատճառված շուրջ 25 միլիարդ դրամի վնասի հասնող դեպքերը քրեական ոստիկանությունն այս տարվա կտրվածքով կարողացել է բացահայտել»,- նշել է ՆԳ նախարարը։

Քաղաքականություն