Օդի որակը լավացել է. մեքենանների շարժը չի դադարել, չէ՞. Երևանի քաղաքապետ
Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել, զգալի այնքանով, որ համադրելի է ամառվա ցուցանիշների հետ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ զեկուցել է Բնապահպանության վարչության պետի ժամանակակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը:
«Մենք չենք բավարարվում միայն նրանով, որ կա ցիկլոն կամ անտիցիկլոն, ավագանու նիստով երկու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ ենք ներկայացնելու՝ նվազեցնելու մարդածին աղբյուրներից արտանետումները: Փոփոխություններից մեկը վերաբերելու է ավագանու 405 N որոշմանը, լրացուցիչ սահմանափակումներ են կիրառվելու շինհրապարակների նկատմամբ, երկրորդը՝ ավագանու 48 N որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններն են, որը պարտադիր բարեկարգման նորմեր է ենթադրում: Այն կիրառվելու է հանքավայրերի նկատմամբ»,-նշել է նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցադրումներ է ուղղել.
«Պարոն Խոջյան, դուք քաղաքում շինարարությունը չեք կանգնեցրել, չէ՞, դուք քաղաքում մեքենաների շարժը չեք արգելել, չէ՞»,- որին ի պատասխան նշվել է, որ` ոչ
«Պարոն Բեգոյան, դուք շարունակում եք ձեր ծրագրերը և դժվար թե հազարավոր հեկտարներով կանաչապատ նոր տարածք ստեղծած լինեք քաղաքում»,- նշել է Ավինայնը:
Ավինյանը հերթական անգամ ընդգծել է, որ Երևանում օդի որակի խնդիրը մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով:
«Այնուամենայնիվ պետք է շարունակաբար դիտարկենք մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևան քաղաքից դուրս, որպեսզի կարողանանք որոշակի պատնեշ ստեղծել այն քամիների համար, որոնք որ բերում են այդ օդը դեպի քաղաք: Շատ դժվար բան եմ ասում, բայց, կարծում եմ՝ իրագործելի բան է և այդ ուղղությամբ պետք է աշխատենք»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը։





























