Քաղաքականություն Կարևոր

Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան

Ofelya 136 դիտում
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան

Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն, որ բանակցային գործընթացը փակուղում էր, ապացուցելու համար կարիք չկար բանակցային փաստաթղթերը հրապարակելու: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:


Նա հիշեցրել է՝ Սերժ Սարգսյանն էր 2018 թվականի ապրիլի 17-ին այս դահլիճում վարչապետ ընտրվելուց պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավորի հարցին, ասել, որ բանակցային գործընթացը կանգնած է և հույս չի ներշնչում:


Ինչ վերաբերում է նրան, թե ինչու տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, Ռուբինյանը նկատել է՝ այն տեղի ունեցավ երկու պատճառով:


«Պատճառ համար մեկ՝ 1998 թվականի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը 1-ը 1.1-ի էր, այսինքն՝ գրեթե ամբողջությամբ հավասար, 2008-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն ավարտում էր իր նախագահության շրջանը, արդեն հարաբերակցությունը 1-ը 5.3-ի էր, այսինքն՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ռազմական բյուջեն գերազանցում էր 5 անգամ: Սերժ Սարգսյանի օրոք մի շրջան է՛լ ավելի է բարձրացել հարաբերակցությունը, և մենք ժառանգել ենք ռազմական բյուջեների շատ բարձր տարբերություն, որը մեր օրոք քչացել է»,- հիշեցրել է Ռուբինյանը:


Նրա խոսքով՝ այդ ընթացքում աճել է Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեի թիվը, Սերժ Սարգսյանի փեսայի բյուջեն է մեծ տեմպերով աճել:


Մի կողմից, ըստ Ռուբինյանի, ունեինք ռազմական բյուջեների տարբերություն՝ հօգուտ Ադրբեջանի, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեների աճ, մի կողմից՝ բանակցային փաստաթղթերի շարունակական վատթարացում հայկական կողմի համար, և մյուս կողմից ունենք իրավիճակ, որ Ադրբեջանն այդ վատթարացող փաստաթղթերին չի ասում՝ այո, որովհետև ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար:


ԱԺ փոխնախագահը հիշեցրել է՝ վերջին փաստաթուղթը, որին կողմերից որևէ մեկը ասել է այո, եղել է 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որին Հայաստանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ասել է այո, Ադրբեջանը՝ ի դեմս Իլհամ Ալիևի, ասել է՝ ոչ:


«Դրանից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, որին Ադրբեջանն ասի՝ այո, Հայաստանը՝ ոչ»,- ընդգծել է Ռուբեն Ռուբինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250