Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի անունից WhatsApp-ի կեղծ օգտահաշիվ է բացվել. մանրամասներ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ WhatsApp հավելվածում բացվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի անունից կեղծ օգտահաշիվ, որից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է.
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նշված օգտահաշիվը ոչ մի կապ չունի Գարեգին Խաչատրյանի հետ, և այն հանդիսանում է խարդախության ակնհայտ դրսևորում։ Այս գործողությունը խստագույնս դատապարտելի է և ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության։
Կոչ ենք անում բոլորին լինել ուշադիր, չպատասխանել նմանատիպ կասկածելի հաղորդագրություններին և դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ։
Վստահեցնում ենք, որ խարդախության հեղինակները կբացահայտվեն և օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»։





























