ԱԺ նախագահը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նոր կաթողիկոսի պաշտոնում տեսնելու մասին
Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս չեմ տեսնում, դա ինձ համար անքննելի հարց է: ԱԺ-ում լրագրողներին հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կարո՞ղ է մասնակցել Եկեղեցու նորոգմանը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Թե ինքը ինչ մասնակցություն կունենա Եկեղեցու նորոգմանը, թե ձեր նշած փաստերն ինչ հետևանք կունենան, ես որևէ բան չեմ բացառում։ Ի՞նչ եք առաջարկում, մարդը Եկեղեցում գործող հոգևորական է և ամենաազդեցիկներից մեկն է։ Կարող եմ ասել, որ քաղաքական առումով պարոն Կճոյանի հետ կապված մենք որևէ քաղաքական բանավեճերի մեջ չենք, ինքը գործող հոգևորական է, իր կարծիքն է հայտնել, ինչպես մնացած եպիսկոպոսները, ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ իր և մնացածի գործողությունները և հաջողություն եմ մաղթում»,- նշել է նա։
Սիմոնյանը հավելել է, որ Եկեղեցու ներսում գործընթաց է սկսվել. «Պրոցեսի հիմքերում գիտեք՝ ինչ փաստաթուղթ է դրված, և վարչապետը հանդիպել և իրենց հետ քննարկել է այդ պրոցեսը, և իր գոհունակությունն է հայտնել, որ պրոցես է սկսել: Թե հիմա այդ պրոցեսի վերջում այդ սենյակի մեջ կմնա մեկ հոգի, 10 հոգի, հինգ հոգի կավելանա, թե բոլորը կմնան, դա ժամանակի և գործընթացների հարց է:
Հիմա ես չեմ կարող կանխատեսել, ոչ կարող եմ այս պահին այդ սենյակում գտնվող որևիցե մեկին գնահատական տամ, որովհետև ինձ համար երկու ֆիքսված բան կա այս պահի դրությամբ: Հայտարարվել է, որ գործող կաթողիկոսը՝ Կտրիճ Ներսիսյանը, խախտել է ուխտը՝ ունի երեխա, ինքը դա չի հերքել, ինչպես նաև շատ ամոթալի բան է հայտնվել համացանցում, որը ես չեմ ողջունում, դատապարտում եմ՝ Արշակ Սրբազանի հետ կապված, որը այս պահի դրությամբ փաստ է»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է եպիսկոպոսների վրա ճնշումներ բանեցնելու մասին մեղադրանքներին, ապա Ալեն Սիմոնյանն ասել է. «Շատ մարդիկ հավաքվեցին, հետո մարդիկ տարբեր գյուղերում, մարզերում սկսեցին մոտենալ. ինձ թվում է՝ այս «ճնշումը» կա, և ես ցավում եմ, որ այս «ճնշումը» միայն եպիսկոպոսների գիտակցության վրա է ազդել: Իրենք տեսել են, որ, այո՛, իրոք խնդիր կա, և այդ խնդիրը մեծ է»:





























