ՊՆ ուղղաթիռն անընդհատ թռիչքներ է իրականացնում. ՆԳՆ խոսնակը մանրամասներ է ներկայացրել հրդեհներից

Կոնկրետ Տավուշի մարզում չորս կետերում ունենք բուսածածկ և խոտածածկ տարածքների հրդեհներ, չորս հատվածներում էլ հրշեջ փրկարարները ինտենսիվորեն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։


«Առաջին հատվածը «Լեռնային Հայաստան» առողջարանից դեպի սարի վերև անտառայամերձ հատվածն է, երկրորդ հատվածը Դիլիջանի ոլորանների հատվածն է, երրորդ հատվածը «Կազաչի» կոչվող հատվածն է և չորրորդը Նավուր կոչվող հատվածն է։ «Կազաչի» հատվածում, որը Տավուշի մարզից դեպի Լոռու մարզ ընկած տարածքում է, հրդեհը մեկուսացված է, այս պահին այստեղ և Դիլիջանի ոլորանների հատվածում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Ներգրավված են շուրջ 700 փրկարար ծառայողներ, մեր գործընկեր կառույցներից շրջակա միջավայրի շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցներ, բնակիչներ, ոստիկաններ։ Ներգրավված է նաև ՊՆ ուղղաթիռը, որը անդադար թռիչքներ է կատարում»,–ասաց նա։


Հարցին՝ նախնական վարկած կա՞, թե ինչի՞ց են առաջացել հրդեհները, Սարգսյանը պատասխանեց. «Տարբեր քննարկումներ կան, բայց հիմնականում մասնագետները նշում են չոր կլիման, որը նպաստող պայման է, և մենք էլ զուգահեռ մեր բնակիչներին մշտապես հորդորում ենք, որ անհարկի այրումներ չանեն, խոզան չայրեն։ Խոզանի այրումը վնասում է ինչպես հողի որակին, ազդում է կենսաբազմազանության վրա, այնպես էլ հնարավոր է նման չոր պայմաններում հրդեհի պատճառ հանդիսանալ»։


Ինչ վերաբերում է հրդեհաշիջման աշխատանքներին միջազգային գործընկերների ներգրավելու հնարավորությանը, ՆԳՆ խոսնակն ասաց. «Այս պահի դրությամբ մեր թե մարդկային ուժը, թե տեխնիկան բավարար է և պատշաճ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Նման քննարկում լինելու դեպքում բնականաբար առանձին հայտարարությամբ հանդես կգանք, բայց այս պահի դրությամբ նման որևէ քննարկում չկա։ Ամբողջական հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո կհրապարակենք հրդեհների ընդհանուր տարածքը բոլոր տեղամասերում։ Քամու ուժգնացում պարբերաբար լինում են և նշված հատվածներում հրշեջ փրկարարները հերթապահություն են սահմանել,եթե անգամ մեկուսացված և մարված է կրակը»։


Նարեկ Սարգսյանը հերքեց լուրերը, թե կրակը հասել է տներին կամ առողջարանին. ««Նման տեղեկատվություն չի համապատասխանում իրականությանը, հրշեջ փրկարարները ահազանգը ստանալուն պես երեկ ցերեկվանից սկսել են հրդեհաշիջում իրականացնել և կանխել են դեպի տներ, դեպի առողջարան կրակի տարածումը։


Շտաբը հենց այստեղ է ձևավորված, որը ղեկավարում է ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, շտաբը կազմակերպում է հրդեհաշիջման աշխատանքները և ղեկավարում է»։

Քաղաքականություն