Քրիստոնեությունն առաջինն ընդունած պետության կաթողիկոսը՝ դատարանում․ Reuters
Միջազգային Reuters լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ սկսվող դատավարությանը՝ այն գնահատելով որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև խորացող հակասությունների հերթական սրացում։
Դատավարությունը մեկնարկելու է օգոստոսի 7-ին։ Գարեգին Բ-ն և մյուս մեղադրյալները մեղադրվում են քաղաքացիական դատարանի որոշումը չկատարելու համար, որով ժամանակավորապես վերականգնվել էր եկեղեցու կողմից կարգալույծ արված եպիսկոպոս Գևորգ Սարոյանի պաշտոնավարումը։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։
Reuters-ը հիշեցնում է, որ Հայ առաքելական եկեղեցին, որը քրիստոնեությունն առաջինն ընդունած պետության կարևորագույն ինստիտուտներից է, վերջին տարիներին սրվել է հարաբերությունները կառավարության հետ՝ հատկապես Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով։
Գործակալությունը նշում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, եկեղեցու ներկայացուցիչներն ու քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ դատավարությունը համարում են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և այն դիտարկում են որպես իշխանության քննադատների նկատմամբ ավելի լայն ճնշումների մաս։
«Սահմաններ առանց իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպության իրավաբան Աննա Մելիքյանի խոսքով՝ այս գործը խախտում է Հայ առաքելական եկեղեցու սահմանադրական անկախությունը և հանդիսանում է գործադիր իշխանության միջամտություն եկեղեցու ներքին գործերին։ Նա նաև մտահոգություն է հայտնել Հայաստանում դատական համակարգի անկախության վերաբերյալ, հատկապես քաղաքական զգայուն գործերի դեպքում։
Reuters-ը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կոչ է արել Գարեգին Բ-ին հրաժարական տալ և առանց ապացույցներ ներկայացնելու մեղադրել է եկեղեցուն օտար պետությունների, մասնավորապես Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ, ինչը եկեղեցին հերքում է։
Գործակալությունն անդրադառնում է նաև վերջին տարիների զարգացումներին՝ հիշեցնելով, որ երկու տարի առաջ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գլխավորել էր բողոքի ցույցերը վարչապետ Փաշինյանի դեմ, իսկ այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Միաժամանակ նշվում է, որ վերջին տարիներին մի շարք բարձրաստիճան հոգևորականներ ենթարկվել են քրեական հետապնդման, իսկ նրանցից մեկը դատապարտվել է ազատազրկման իշխանափոխության կոչեր հնչեցնելու համար։
Երևանի Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը Reuters-ին հայտնել է, որ Փաշինյանի իշխանությունը եկեղեցին սկսել է ընկալել որպես քաղաքական սպառնալիք և ընդդիմությանը աջակցող կառույց, իսկ հոգևորականների դեմ հարուցված գործերը, նրա գնահատմամբ, տեղավորվում են ընտրովի արդարադատության ընդհանուր քաղաքականության շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...