Գաղափար. օդային միջանցքներ` Երևանի գլխավոր հատակագծում. Սիրարփի Հայկազյան
Երևանում օդի աղտոտվածության պատճառները տարբեր են՝ ավտոմեքենաների օրեցօր աճող թիվ, հանքերի շահագործում, տարիներ ընթացքում կանաչ տարածքի կրճատում, հրդեհներ, խոտածածկ տարածքների ու չորացած տերևների, այլ իրերի այրում, շինարարություն և այլն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը նշեց, որ վերջին շրջանում մի շարք ուղղություններով բազմաթիվ և բազմապրոֆիլ քայլեր են իրականացնում։
«Մտահոգիչ է օրգանական թափոնների, հատկապես չորացած տերևների այրումը։ Ասեմ, որ շուտով կլինի փոփոխություն, ըստ որի Երևանի քաղաքապետարանն այդ ուղղությամբ վերահսկողություն կիրականացնի։
Նշեմ նաև, որ որպես պիլոտային ծրագիր՝ Դավթաշենում մեր ֆրանսիացի գործընկերների հետ հիմնել ենք օրգանական թափոնների հավաքման 15 կետ։ Հանրության հետ աշխատելով՝ նպատակ ունենք հավաքել օրգանական թափոնները, այդ թվում՝ տերևները, որոնք տեղափոխվելու են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, որտեղ կոմպոստացվելու են։ Այն լավ պարարտանյութ է լինելու»,-ասել է Սիրարփի Հայկազյանը։
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրականացրել են կանաչ տարածքների ընդլայնում մոտ 58 հա-ով։ Նա նշեց, որ այս պահին մեկնարկել են Նուբարաշենի աղբավայրի հարակից հատվածում մոտ 8,5 հա տարածքի վրա նոր անտառի հիմնման աշխատանքներ։
Առաջիկայում պլանավորում են Դալմայի մոտ 230 հա-ի վրա անտառպուրակի հիմնում։ «Քաղաքապետի հանձնարարականով մինչև գարուն պետք է մշակենք և Երևանի գլխավոր հատակագծում ինտեգրենք օդային միջանցքների գաղափարը, որ օդափոխություն կապահովի քաղաքում։ Դրանից բացի, նշեմ նաև, որ էլեկտրական ավտոմեքնենաների համար քաղաքում կա արտոնություն՝ կապված կայանման վճարների հետ։ Առաջիկայում էլ տրանսպորտը համալրվելու է էլեկտրական շարժակազմով»,-ասել է Սիրարփի Հայկազյանն՝ ընդգծելով, որ ամենատարբեր ոլորտներում բազմակողմանի ծրագրեր են իրականացնում, սակայն կարճաժամկետ հատվածում օդի որակի վրա տեսանելի արդյունք դժվար լինի։





























