Զոհվածների ծնողները գիշերել են Եռաբլուրում՝ թույլ չտալու Փաշինյանի մուտքը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշերվանից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են, որպեսզի թույլ չտան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության մյուս ներկայացուցիչների մուտքը։
«Եթե անցյալ տարվա պատմությունը կրկնվի՝ սև ու կարմիր բերետներով մեր դեմը փակեն, կմտնի։ Քանի՞ կոպեկ արժի տենց մտնելը․․․ Վախեցած սպասում է՝ ծնողները գնան, նոր գա»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածների ծնողներից մեկը՝ խոսելով Փաշինյանի մուտքն արգելելու մասին։
Անկախության օրվա կապակցությամբ վաղ առավոտից Եռաբլուր են այցելում հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդդիմադիր գործիչներ, հասարակ քաղաքացիներ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած հերոսներին։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նույնպես Եռաբլուրում էին՝ թույլ չտալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։