Թրամփն ընդունել է ապրիլին ՉԺՀ այցելելու Սի Ծինփինի հրավերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ապրիլին Չինաստան այցելելու հրավերը:
«Նախագահ Սին ինձ հրավիրեց ապրիլին այցելել Պեկին, և ես ընդունեցի այդ հրավերը»,-գրել է Թրամփը սոցցանցում:
Ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել չինացի ղեկավարի հետ:
«Մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինան, Ռուսաստանը, ֆենտանիլը, սոյան և այլ գյուղատնտեսական ապրանքներ»,- նշել է նա:
Թրամփի խոսքով՝ զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են կանոնավոր երկկողմ շփումներ պահպանել: Նախագահը նշել է, որ կարևոր է համարում հաճախակի շփումներ պահպանելը: Նա նաև հիշեցրել է, որ այս հեռախոսազրույցը երեք շաբաթ առաջ Հարավային Կորեայում իրենց հանդիպման շարունակությունն էր, որից հետո, նրա գնահատմամբ, նկատելի առաջընթաց է գրանցվել երկկողմ համաձայնագրերի արդիականացման և հստակեցման հարցում:
Թրամփը նաև հայտնել է, որ Սի Ծինփինը մտադիր է պատասխան պետական այց կատարել ԱՄՆ:





























