Ժնևում մեկնարկեցին Ուկրաինա-Ռուսաստան խաղաղության ծրագրի շուրջ խորհրդակցությունները

Ուկրաինական պատվիրակությունը Ժնևում սկսել է աշխատանքը ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրի շուրջ, հայտնել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը: Այս մասին նա գրել է տելեգրում:


Ինչպես պատմել է Երմակը, նա առաջին հանդիպումն է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Ջոնաթան Փաուելի, Էմանուել Բոնի, Գյունտեր Զաուտերի հետ:


Հաջորդ հանդիպումը նախատեսված է ամերիկյան պատվիրակության հետ, հավելել է Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի ղեկավարը: «Ընդհանուր առմամբ, այսօր նախատեսված են մի շարք հանդիպումներ տարբեր ձեւաչափերով», — հստակեցրել է Երմակը:



Շվեյցարիայում կայանալիք խորհրդակցությունների մասին նախօրեին հայտնել Է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Նրա տվյալներով՝ բանակցությունները կընթանան համաձայնագրի հնարավոր պարամետրերի շուրջ։ Նա հայտարարել է, որ խոսքը երկխոսության հերթական փուլի մասին է, որը շարունակվում է վերջին օրերին և որը «նախ և առաջ կոչված է համաձայնեցնելու հետագա քայլերի տեսլականը»:


Այսօր Ժնև են ժամանել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ CNN-ի տվյալներով՝ արդեն ժամանել է նաև ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլը։


Քաղաքականություն