Սթարմերն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում խաղաղության գործընթացը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Կողմերն ընդգծել են, որ Ուկրաինայի հարցի կարգավորման ուղիները հասել են վճռորոշ կետի։ Այս մասին նշված է բրիտանական կառավարության կայքում տարածված մամուլի հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում ասվում է. «Վարչապետն այսօր զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Առաջնորդները քննարկել են Ժնևում նախատեսված բարձր մակարդակի հանդիպման տարբեր կողմերը՝ Ուկրաինայի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի վերաբերյալ։ Նրանք համաձայնել են, որ այս կրիտիկական կետում մենք բոլորս պետք է համատեղ աշխատենք՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտնել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին՝ նշելով, որ դրա մանրամասները դեռ չեն քննարկվի, քանի որ աշխատանքները շարունակվում են։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և հավատարիմ է Անքորիջում տեղի ունեցած քննարկումներին։





























