Կիևն արձագանքել է Բաքվում կայացած Ռուսաստանի և Գերմանիայի միջև գաղտնի բանակցություններին
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների միջև անցկացված գաղտնի հանդիպումը որևէ նշանակություն չունի պատերազմի ավարտի համար։
Բաքվում տեղի ունեցած Գերմանիայի և Ռուսաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպումը Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ «ոչ մի նշանակություն չունի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեորգի Տիխիյը։ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այդ հանդիպումը «այնքանով է գաղտնի, որքանով որ անկարևոր է»։
Տիխիյը նշել է. «Ինչ-որ մարդիկ... հանդիպում են և ինչ-որ բանից խոսում։ Ուկրաինական կողմը նրանցից ոչ ոքի ոչ մի բանի համար չի լիազորել։ Իրական խաղաղ գործընթացի համար նման հանդիպումների նշանակությունը մոտ է զրոյի»։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հուլիսի կեսերին Բաքվում հանդիպել են Ռուսաստանի և Գերմանիայի պատվիրակությունները։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները տեղեկացված չեն եղել գաղտնի բանակցությունների մասին, և դրանց բովանդակությունն իրենց հայտնի չէ։