Ռուբիոն՝ Ուկրաինայի պատերազմի դադարեցման պլանի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ծրագիրը, որը բազմաթիվ քննադատների կողմից դիտվում է որպես ռուսամետ, «հեղինակվել է ԱՄՆ-ի կողմից», փոխանցում է BBC-ն։
Նրա հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ մի խումբ սենատորներ հրապարակավ ասել էին, որ Ռուբիոն մասնավոր խոսակցություններում իրենց տեղեկացրել է՝ ծրագրի նախագիծը, որը նա բնութագրել է որպես Ռուսաստանի «ցանկությունների ցանկ», չի արտացոլում Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը։
Սակայն դրանից հետո Ռուբիոն փոխել է շեշտադրումները՝ պնդելով, որ ծրագիրը «հիմնված է Ռուսաստանի և Ուկրաինայի կարծիքների վրա»։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը կազմելիս հաշվի են առնվել երկու երկրների շահերն ու դիրքորոշումները՝ նպատակ ունենալով ձևավորել հնարավոր խաղաղության շրջանակ։
Այս հայտարարությունները առաջացրել են հակասական մեկնաբանություններ ԱՄՆ քաղաքական դաշտում՝ որոշ սենատորներ ընդգծելով, որ ցանկացած ծրագիր, որը ընկալվում է որպես Մոսկվայի համար շահեկան, չի կարող ծառայել ամերիկյան ռազմավարական նպատակներին։





























