Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ՄԱԿ Միջազգային դատարանի որոշման կատարման համար․ Բեգլարյան
Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ՄԱԿ Միջազգային դատարանի որոշման կատարման համար։ Այս մասին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
«Ի՞նչ է նշանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:
Առաջինը՝ Դատարանը հաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշումը, որով պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունն ապահովելու համար։ Այս հաստատումն արդեն նշանակում է դատարանի դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանը չի կատարել այդ որոշումը և պարտավոր է կատարել այն։
Երկրորդը՝ Դատարանը գտել է, որ 2023 թվականի փետրվարի 22-ի վճիռը լրացնելու անհրաժեշտություն չկա։ Այլ կերպ ասած, ենթադրվում է, որ դատարանը չի նախընտրել խորանալ տարբեր քաղաքական և տեխնիկական հարցերի մեջ։ Ամեն դեպքում, այս որոշման մանրամասները հնարավոր կլինի հստակ հասկանալ, երբ մի քանի օր անց հրապարակվեն դրա պատճառները:
Երրորդը՝ ակնհայտ է, որ այս որոշումը չի նշանակում ադրբեջանական ապօրինի անցակետի լեգիտիմացում, բայց կարող է ունենալ նաև հակասական մեկնաբանություն, քանի որ հաստատում է խախտված երթևեկության առկայությունը: Թե ինչ միջոցներով է ադրբեջանական կողմը խախտում երթևեկությունը (անցակետ, բանակ, բետոնե արգելապատնեշներ, ակտիվիստներ-ահաբեկիչներ), դատարանը դրան չի անդրադարձել:
Միջազգային հանրությանը (առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին) մնում է համապարփակ և հրատապ միջոցներ ձեռնարկել դատարանի փետրվարի 22-ի վճռի պատշաճ կատարման համար, հատկապես հունիսի 15-ից մարդասիրական մատակարարումների ամբողջական կասեցման պայմաններում», -գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դր...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...