Ինչու է դատավորը մերժել վատառողջ մարդու խափանման միջոցը փոխել. պարզաբանում ԲԴԽ-ից

«Սրբազան պայքար» շարժման աջակից Աղվան Արշակյանի առողջական վիճակը շարունակում է անհանգստացնող մնալ։ «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող Ա. Արշակյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանն ահազանգում է երիտասարդի առողջական վիճակի վատթարացման մասին։


Օրերս փաստաբանը տեղեկացրեց, որ և՛ Վերաքննիչ քրեական դատարանը (Մ. Հարությունյան) և՛ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (Գնել Գասպարյան) մերժեցին Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները:


Հիշեցնենք, որ Աղվան Արշակյանի մոտ երկու տարի առաջ է հայտնաբերվել քաղցկեղ հիվանդությունը։ Նա 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտությունների, լինի բժիշկների վերահսկողության ներքո։


Auroranews-ը Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչու է դատավորը մերժել վատառողջ մարդու խափանման միջոցը փոխելու միջնորդությունը վարույթ ընդունել:


Դեպարտամենտի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ փաստաբան Վարազդատ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջով հրապարակել է, որ իր արած ենթադրությունը, թե իբր Դատարանը մերժել է իր միջնորդությունը վարույթ ընդունել, քանի որ Դատարանի համար միջնորդությամբ նոր հանգամանք չի ներկայացվել, չի համապատասխանում իրականությանը։


Նկատենք, որ փաստաբանն ինքն է իր էջում նշում, որ մերժման պատճառը բովանդակային չէ, այլ՝ տեխնիկական։ Ուստի կարծում եմ, որ հարցազրույցներ տալուց առաջ, նախ պետք է ծանոթանալ որոշմանը և առաջնորդվել միայն դրանով, այլ պարագայում շփոթություն է առաջանում մարդկանց մեջ։


Ծովինար Խաչատրյանը հավելեց, որ հենց փաստաբանն իր տեքստում ասում է, որ դատավորն ինքն էր սահմանել անհապաղ փորձաքննություն նշանակելու նախաքննություն իրականացնող մարմնի պարտականությունը, ինչը չի կատարվել շուրջ 25 օր։


«Ի սրտե առողջություն եմ մաղթում Աղվան Արշակյանին, նաև ասեմ, որ իմ կարծիքով այն դատավորը, որն անհապաղ բժշկական փորձաքննություն է նշանակում, հաստատ չի կարող անտարբեր գտնվել առողջությունը վատթարացած մարդու հանդեպ, ինչը ոչ ազնիվ ձևով փորձում են վերագրել նրան»,-ասում է Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը։


Հավելենք, որ փաստաբան Վարազդատ Հարությունյանը քիչ առաջ հայտնել  է, որ Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու/փոխելու վերաբերյալ միջոնրդությունն ընդունվել է վարույթ (Դատավոր Գնել Գասպարյան): Նիստը տեղի կունենա վաղը:

Քաղաքականություն

Պատահարներ