Կառավարությունը կվերադարձնի անարդար գանձված յուրաքանչյուր լումա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ 2024 թվականին պակասուրդ չի գրանցվել, և «2024-ի պակասուրդ լրացնել» հասկացությունն իրականում չկա։ Նա ընդգծել է, որ նման պնդում հնարավոր կլիներ քննարկել միայն այն դեպքում, եթե ներկայացվեր փաստ, որ որևէ պետական ծրագիր չկատարվեց, սակայն նման օրինակներ չկան։
Այս արձագանքը վերաբերում էր լրագրողի հարցին այն մասին, թե մի շարք կազմակերպություններ և տնտեսագետներ պնդում են, որ ՊԵԿ ղեկավարությանը հանձնարարվել է ոչ միայն ապահովել 2025 թվականի հարկային մուտքերը, այլ նաև փակել 2024 թվականի 224 միլիարդ դրամի պակասուրդը, ինչն իրենց կարծիքով հանգեցրել է հարկային «տեռորի»։
Փաշինյանը նշել է. «Իմ հանձնարարականը ներպետական մարմիններին հետևյալն է՝ ես ասում եմ, որ ՀՀ որևէ հարկ վճարող չպետք է հիմք ունենա ասելու, որ կառավարությունը կամ հարկային մարմիններն իրենցից գանձել են թեկուզ մի լումա ավելի գումար, քան պետք է վերցներ օրենքով նախատեսված կարգով։ Եվ սա շատ հստակ է»։ Միաժամանակ նա հավելել է, որ հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխանիզմ և պրակտիկա նույնպես չպետք է լինի։
Վարչապետի խոսքով՝ կան տնտեսավարողներ, ովքեր դիմել են՝ նշելով, որ այս սկզբունքը կարող է խաթարվել։
«Ես մի քանի նամակներ ստանալուց հետո փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հանձնարարել եմ, որպեսզի հրավիրվեն նամակի հեղինակ տնտեսավարողները, ինչպես նաև մեր մարմինները, որպեսզի գործընկերային, բարեկամական մթնոլորտում՝ ոչ ՊԵԿ-ում, հասկանալու՝ իրոք կա՞ն անարդարություններ, և մենք ինչ-որ բան սխա՞լ ենք անում մեր տնտեսավարողների նկատմամբ, իհարկե՝ չուզենալով, որովհետև մենք դա չենք ուզում»,– ասել է նա՝ ընդգծելով, որ կառավարությունը հարգանքով է վերաբերվում բոլոր հարկ վճարողներին։
Փաշինյանը հավելել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ պարզվի, որ որևէ մեկից անարդար մի լումա գումար է գանձվել, այն վերադարձնելու լուծումներ կգտնվեն։ «Դա դեմ է մեր ընկալմանը, աշխարհայացքին, գաղափարախոսությանը»,– նշել է վարչապետը։





























