Ախուրյանում գործող գազալացակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր

Նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան բնակավայրում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր: 


Ինչպես հայտնում է shamshyancom, ժամանել են Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատարը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնի պետը:  


Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. գազալցակայանի կոմպրեսատորի պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:  Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տեղում քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Անատոլի Մ.-ն է: 


Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 




 


Քաղաքականություն