Քաղաքականություն

Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց խմբակցություններում դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»

Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց խմբակցություններում դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»

Հուլիսի 21-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսավոր կերպով կբաշխի Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորական մանդատները։ ԿԸՀ-ում արդեն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ կազմակերպելու մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


Սակայն ուշագրավն այն է, որ թեև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հանդիսավոր միջոցառմանը, այնուամենայնիվ, քաղաքական ուժերի ներսում դեռևս հստակություն չկա, թե վերջնականապես ովքեր են ստանալու պատգամավորական մանդատները և համալրելու նոր խորհրդարանը։


Օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրում այս պահին պահպանվում է տարբեր աստիճանի անորոշություն։


Ամենակայուն իրավիճակը, թերևս, «Հայաստան» դաշինքում է, թեև այստեղ ևս առնվազն երկու պատգամավորի մասով հարցերը դեռևս բաց են մնում։


Առաջինը ՀՅԴ առաջնորդ Իշխան Սաղաթելյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Ինչպես օրաթերթն ավելի վաղ տեղեկացրել էր, դատախազը մտադիր է Ազգային ժողով մտնել՝ Սաղաթելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդման շրջանակում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Այդ հանգամանքը, բնականաբար, անորոշության մեջ է պահում նրա հետագա պատգամավորական կարգավիճակը։


Երկրորդ խնդրահարույց հարցը վերաբերում է Աղվան Վարդանյանին։ Վերջինս մինչև ընտրությունները հրապարակայնորեն հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում կհրաժարվի պատգամավորական մանդատից։ Սակայն մինչ օրս նման որոշում չի կայացրել։ Ավելին՝ «Հայաստան» դաշինքի ներսում այս հարցը դարձել է լուրջ դժգոհությունների պատճառ։ Դաշինքի անդամները տարբեր շրջանակներում քննադատում են Աղվան Վարդանյանին՝ նշելով, որ նա չի կատարել սեփական հրապարակային խոստումը և շարունակում է կառչած մնալ պատգամավորական մանդատից, ինչով նաև խոցելի վիճակում է դնում քաղաքական թիմին։ Մինչդեռ, եթե նա հեռանա, կգա Գառնիկ Դանիելյանը, որը, ըստ այդ գնահատականների, ընդունված կերպար է բոլոր կողմերում։


Էլ ավելի մեծ անորոշություն է տիրում «Ուժեղ Հայաստան» դաշինքում։ Ինչպես հայտնի է, նախընտրական 200 հոգանոց համամասնական ցուցակից ինքնաբացարկների հետևանքով մնացել է շուրջ 90 թեկնածու, որոնցից պատգամավորական մանդատ պետք է ստանան 29-ը։ Սակայն նույնիսկ այս փուլում վերջնականապես պարզ չէ, թե ովքեր են լինելու այդ թեկնածուները։ Ըստ տեղեկությունների համեմատաբար ճանաչված և հանրությանը հայտնի մի շարք դեմքեր հրաժարվում են խորհրդարան մտնելուց, ինչի հետևանքով ցուցակի վերջնական պատկերը շարունակում է փոփոխվել։


Ոչ պակաս անորոշ է նաև իրավիճակը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Նիկոլ Փաշինյանն այս օրերին արձակուրդում է, մինչդեռ իշխանական թիմը սպասողական վիճակում է։ Տեղեկություններով՝ նույնիսկ նախարարները հստակ չգիտեն, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում կառավարության նոր կազմավորման ժամանակ, ինչի հետևանքով մինչև այս պահը չափազանց սահմանափակ թվով թեկնածուներ են հրաժարվել պատգամավորական մանդատներից։


64 անդամ ունեցող իշխանական խմբակցության ապագա կազմի վերաբերյալ նույնպես դեռ բազմաթիվ հարցականներ կան։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն լինելու է Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահների պաշտոններում դիտարկվում են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը, խմբակցության ղեկավարի պաշտոնը վստահվելու է Արուսյակ Մանավազյանին, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Ալխաս Ղազարյանն է։ Թիմի մնացած անդամների, հանձնաժողովների ղեկավարների և այլ առանցքային պաշտոնների վերաբերյալ, սակայն, դեռևս խոր անորոշություն է պահպանվում։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250