Քաղաքականություն

Աղազարյանի գործով հարցաքննվել է Ալեն Սիմոնյանի թիմակիցը. «Ժողովուրդ»

Աղազարյանի գործով հարցաքննվել է Ալեն Սիմոնյանի թիմակիցը. «Ժողովուրդ»

Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Լաուրա Անտոնյանը կանչվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


Օրաթերթի տեղեկություններով՝ Լաուրա Անտոնյանը տվյալ քրեական վարույթով անցնում է որպես վկա։ Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ հարցաքննության է հրավիրվել Ազգային ժողովի դեռևս գործող նախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր թիմակիցներից մեկը, որը վերջին տարիներին համարվել է նրա վստահելի կադրերից մեկը։


Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Լաուրա Անտոնյանի հարցաքննությունը կապված է ՔՊ-ից հեռացված, իսկ իր ձևակերպմամբ՝ կուսակցությունից «վռնդված» պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քննվող մանր եղջերավոր անասունների կոռուպցիոն գործի հետ։


Ըստ աղբյուրների՝ քննիչներին հետաքրքրել են հատկապես Լաուրա Անտոնյանի և Հովիկ Աղազարյանի միջև առկա շփումները, ինչպես նաև SMS հաղորդագրությունները։ Բանն այն է, որ մինչև Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնին նշանակվելը Լաուրա Անտոնյանը եղել է Հովիկ Աղազարյանի օգնականը։


Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց միջև հաղորդակցությունը չի դադարել նաև այն բանից հետո, երբ Աղազարյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Մասնավորապես, ըստ օրաթերթի տեղեկությունների, պահպանվել են նաև նրանց SMS-հաղորդագրությունները, որոնք, ըստ ամենայնի, հետաքրքրություն են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնի համար։


Թե ինչ նշանակություն կունենան Լաուրա Անտոնյանի ցուցմունքները Հովիկ Աղազարյանի գործի հետագա քննության համար, և արդյոք հարցաքննություններով կսահմանափակվի իրավապահների հետաքրքրությունը, առաջիկայում պարզ կդառնա։


Փաստ է, որ նրան Աղազարյանի գործով կանչել են և հարցաքննել։


Ի դեպ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ իր նախկին օգնականին կանչել են հարցաքննության, սակայն շատ մանրամասներ չի հայտնել»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250