Հետաձգվել է Գագիկ Ծառուկյանի առանձնատնից ձիերի և փասիանների առգրավումը
Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Հովհաննես Վարդանյանը, այս մասին փոխանցում է է Սպուտնիկ Արմենինան։
Փաստաբանի խոսքով՝ կենդանիների առգրավման որոշումը կայացվել է դեռ հուլիսի 10-ին, սակայն տեղափոխման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով այն չի իրականացվել։ Այսօր ևս առգրավումը չի կատարվել, սակայն պատճառները, ըստ նրա, անհայտ են։
«Մենք բողոքարկում ենք քննիչի որոշումը, քանի որ դրանք ընտանի կենդանիներ են և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ»,- ասել է Վարդանյանը։
Նա նշել է, որ Ծառուկյանի առանձնատանը պահվում է 11 ձի և 1 պոնի, որոնք գտնվում են իրենց սովորական միջավայրում և հատուկ խնամքի կարիք ունեն։ Փաստաբանի գնահատմամբ՝ դրանց տեղափոխումը կարող է վնաս հասցնել կենդանիներին։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մտավախություն չունեն, որ այս կենդանիները կարող են արժանանալ ավելի վաղ տեղափոխված առյուծներից մեկի ճակատագրին, Վարդանյանը հիշեցրել է, որ իրենք առաջարկել էին կենդանիներին ճանաչել որպես իրեղեն ապացույց և թողնել իրենց պահպանության տակ, սակայն Քննչական կոմիտեն որոշել էր դրանք տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ծառուկյանի առանձնատանը կատարված խուզարկություններից հետո Երևանի կենդանաբանական այգի են տեղափոխվել առյուծներ և վագրեր։ Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ տեղափոխված առյուծներից մեկը սատկել է, իսկ մյուս կենդանիները շարունակում են մնալ կարանտինային գոտում։ Այդ դեպքի հանգամանքները քննվում են նույն քրեական վարույթի շրջանակում։