Հայաստան ներկրված ղազախական ցորենն անվտանգ է. ՍԱՏՄ

Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ղազախական ցորենն արդեն ենթարկվել է անվտանգության փորձաքննության. այն չի պարունակում որևէ վտանգավոր նյութ, ռադիացված և թունավոր չէ: Այս մասին նոյեմբերի 14-ի ասուլիսում հայտարարեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը: Նա հավաստիացրեց, որ դա պարենային ցորեն է, որը կարելի է օգտագործել: Առաջիկայում կհրապարակվեն նաև դրա կարգի վերաբերյալ փորձաքննության արդյունքները:


Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ ամեն օր Վրաստանի տարածքով շուրջ 100 բեռնատարներով Հայաստան է ներկրվում նույն որակի ցորեն: ՍԱՏՄ ղեկավարը տարակուսում է, թե ինչու է հատկապես այս խմբաքանակի ցորենի կարգի շուրջ նման իրարանցում առաջացել:


Նա հորդորեց ցորենը ներկրած ընկերությունից պարզել, թե ինչ նպատակով է այն օգտագործվելու: ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն էլ նշեց, որ հացահատիկի ծլած լինելը կապ չունի նրա կարգի հետ:


«Կոնկրետ ցորենի կարգաբանությունը որոշվում է ԳՕՍՏ-ով: Ծլած լինելը, անվտանգությունը և կարգը տարբեր բաներ են:


Չգիտեմ, թե ով է որոշել, որ անասնակեր ցորեն է ներմուծվել: Ցորենի վերահսկողության հետ կապված գործում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգ, նաև միջպետական ստանդարտ ԳՕՍՏ 9353, որն ընդունվել է 2016 թվականին: Հստակ նշված է, որ 1-4-րդ կարգի ցորենները նախատեսված են պարենային, իսկ 5-րդ կարգինը՝ ֆուրաժային օգտագործման համար: Եվրամիությունում գոյություն ունի նաև 6-րդ կարգ ու տվյալ դեպքում 5-րդ կարգը նույնպես համարվում է պարենային:


Ցավոք, 2016-ին դուրս է եկել այն դրույթը, որ 1-4-րդ կարգի ցորենը պետք է լինի պարեն, իսկ 5-րդը՝ ֆուրաժ: Այսինքն, գիտնականները գտել են, որ անհրաժեշտություն չկա կարգի հետ կապված օգտագործման կոնկրետ ոլորտ նշել: Ստացվում է, որ ցանկացած կարգի ցորեն կարելի է օգտագործել ցանկացած նպատակով: Բայց հարց է առաջանում՝ միթե՞ չկա տարբերություն ֆուրաժայինի և պարենայինի հետ կապված:


Իհարկե, կա: Դա հստակ սահմանված է 015 տեխնիկական կանոնակարգով, որը համարվում է ԵԱՏՄ-ում գործող նորմատիվ-իրավական ակտ: Տարբերությունը սահմանված է ոչ թե որակական, այլ անվտանգային ցուցանիշներով:


Գրված է, որ պարենային է համարվում այն ցորենը, որը ներկայացված անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է անվտանգության ցուցանիշի ցուցիչի պահանջին: Եթե ցանկացած կարգի ցորեն համապատասխանում է 015 տեխնիկական կանոնակարգով սահմանված պարենային ցորենին ներկայացվող անվտանգության պահանջներին, ուրեմն դա հանգիստ կարելի է օգտագործել որպես պարեն»,- նշեց նա:

Քաղաքականություն

Պատահարներ