Կարիբյան ծովում իրավիճակը լարված է. ԱՄՆ ավիակիրները Վենեսուելայի մոտ են
ԱՄՆ-ի ամենամեծ ավիակիր «Ջերալդ Ֆորդ»-ի գլխավորած ավիակիր խումբը ժամանել է Կարիբյան ծով։
Նախագահ Դոնալդ Թրամփը, որ հրաման է տվել խմբի տեղակայման մասին, ասել է՝ սա անում է Վենեսուելայից թմրանյութերի տրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում:
Թրամփի հրամանի մասին Պենտագոնը հայտարարել է հոկտեմբերի 24-ին, երբ ավիակիր խումբը գտնվում էր Հյուսիսային ծովում, Եվրոպայի ափերի մոտ։
ԱՄՆ-ի նավատորմը և ավիացիան արդեն մի քանի ամիս է՝ հարվածում են Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում փոքր նավերին, որոնք, ինչպես պնդում է ԱՄՆ ղեկավարությունը, թմրանյութեր են տեղափոխում: Նրանք արդեն հասցրել են առնվազն 19 հարված, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 76 մարդ:
Վենեսուելայի առաջնորդ, ձախ սոցիալիստ Նիկոլաս Մադուրոն և երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչներ ԱՄՆ-ին մեղադրում են իրենց իշխանությունից հեռացնելու նպատակով արհեստական ճգնաժամ ստեղծելու մեջ:
Ամերիկյան նավատորմի հաղորդմամբ՝ նոյեմբերի 11-ին ավիակիր խումբը մտել է ԱՄՆ Հարավային հրամանատարության պատասխանատվության գոտի, որը ներառում է Կարիբյան ծովը և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ։
Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը նշել է, որ «Ջերալդ Ֆորդ»-ի գլխավորած խմբի ներկայությունը Կարիբյան ծովում հնարավորություն կտա ԱՄՆ-ին ավելի արդյունավետ վերահսկել և կանխել թմրանյութերի մաքսանենգությունն այդ տարածաշրջանում։





























