Անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյան
Անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին։
Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,
Չեմ կարող չանդրադառնալ նաև տարբեր կողմերից, և մասնավորապես, Ադրբեջանից հնչող մի շարք ագրեսիվ հայտարարությունների՝ կապված Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հետ: Արդեն ասացի, որ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը` կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը:
Կրկին արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ: Ինչպես ասել եմ` մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից:
Մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով և բացի դա անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին: Օրինակ, զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ:
Այդ սահմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի և Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո:
Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից:
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,
Ամփոփելով խոսքս, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բանակի բոլոր այն զինծառայողներին, ովքեր անբասիր են, պրոֆեսիոնալ ու հավատարիմ Հայաստանի Հանրապետությանը տված իրենց երդումին:
Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...