Նարեկ Կարապետյանի հարցազրույցը՝ Թաքեր Կարլսոնին․ Հայաստանի վրա ճնշում է գործադրվում

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին, որի ընթացքում խոսել է հայոց ցեղասպանության, Հայաստանում հոգևորականների ձերբակալության, Սամվել Կարապետյանի կալանավորման և մի շարք այլ հարցերի մասին։


Կարապետյանը հիշատակել է իր հորեղբորը՝ Սամվել Կարապետյանին, և մի շարք հոգևորականների, ովքեր, ըստ նրա, ճնշման տակ են իշխանությունների կողմից։

«Իմ հորեղբայր Սամվել Կարապետյանը և հոգևորականները կարող են ազատվել վաղը, եթե ասեն, որ եկեղեցու կողքին չեն», - նշել է նա՝ ընդգծելով, որ հավատարմությունը եկեղեցուն այսօր դարձել է քաջության և արժանապատվության խորհրդանիշ։


Նարեկ Կարապետյանը Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանում իրականացվող հակաեկեղեցական քայլերը միտված են պատմական հիշողության խեղաթյուրելուն և եկեղեցու ազդեցությունը թուլացնելուն։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների որոշ գործողություններ կատարվում են արտաքին ուժերի ազդեցությամբ։ Նա պնդել է, որ որոշ շրջանակներ ստանում են տեղեկություններ և հստակ ցուցումներ Թուրքիայից և Ադրբեջանից՝ նպատակ ունենալով փոխել եկեղեցու նարատիվները, մոռացնել Հայոց ցեղասպանությունը և նշանակել նոր եկեղեցական առաջնորդ, որը կհամաձայնի խաղաղության գործարքի գնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև։


«Մենք զգում ենք, որ նրանք ուզում են փոխել եկեղեցու առաջնորդին, հետո՝ փոխել եկեղեցու նարատիվները և ստիպել մեր ժողովրդին մոռանալ այն ամենը, ինչ մեր նախնիները արել են մեր քրիստոնեական կրոնի համար», - ասել է Կարապետյանը։


Նրա խոսքով՝ սա մաս է կազմում ավելի լայն ծրագրի, որը նպատակ ունի ոչնչացնել պատմական ճշմարտությունը՝ ներկայացնելով խաղաղությունը որպես արդարացում նման քայլերի համար։


Կարապետյանը նշել է, որ հայ ժողովուրդը պատրաստ է խաղաղության, սակայն չի կարող ընդունել այն՝ մոռանալով մեկուկես միլիոն զոհերի հիշատակը։ «Մեկուկես միլիոն մարդ սպանվել է իրենց կրոնի համար Օսմանյան կայսրությունում։ Թուրքիան պետք է ընդունի դա, որովհետև դրանից հետո միայն մենք կապրենք խաղաղ տարածաշրջանում», - ասել է նա։


Նրա խոսքով՝ խաղաղության իրական ճանապարհը սկսվում է պատմական արդարության վերականգնումից, ոչ թե դրա մոռացությունից։


Կարապետյանը շեշտել է, որ իրենց շարժումը ստանում է լայն աջակցություն Արևմուտքից և քրիստոնեական եկեղեցիներից։ «Շատ մեծ աջակցություն կա, և մենք շնորհակալ ենք դրա համար», - ասել է նա։ Նա ընդգծել է նաև, որ իրենց պայքարը ոչ միայն քաղաքական է, այլև հոգևոր և բարոյական՝ ուղղված ազգային ինքնության պահպանմանը։


Նարեկ Կարապետյանի խոսքով՝ եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլև հայ ժողովրդի հոգևոր ու պատմական հիմքը։ Նա համոզված է, որ եկեղեցու դեմ ուղղված գործողությունները միտված են թուլացնել հայ ինքնությունը և վերաշարադրել պատմությունը, իսկ եկեղեցու պաշտպանությունը այսօր նշանակում է պաշտպանել ազգային արժանապատվությունը և պատմական ճշմարտությունը։



Նա ֆեյսբուքյան հարթակում գրառել է. «Ընդամենը 3 ժամվա ընթացքում Tucker Carlson-ի հետ հարցազրույցը միայն X (Twitter) հարթակում դիտել է արդեն 930.000 մարդ»։ Tucker Carlson-ի X-ի (Twitter) էջում այս պահին 2 մլն մարդ արդեն դիտել է հարցազրույցը:


Քաղաքականություն